ԵՐԵՎԱՆ, 21 փետրվարի – Sputnik. 3-րդ բանակային կորպուսի նախկին հրամանատար, գեներալ-մայոր Գրիգորի Խաչատուրովի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել պաշտոնեական դիրքի օգտագործմամբ հանցավոր ճանապարհով ձեռք բերված առանձնապես խոշոր չափերով անշարժ գույքն օրինականացնելու (փողերի լվացման) համար, տեղեկությունը հայտնում է դատախազությունը։
Հայտնել էինք, որ Գրիգորի Խաչատուրովի կալանքի հարցը կքննվի Հակակոռուպցիոն դատարանում այսօր ժամը 12։00-ին։
Դատախազությունը տեղեկացնում է, որ 2006-2010 թվականներին ՀՀ ՊՆ N զորամասի հրամանատար Խաչատուրովին մեղադրանք է ներկայացվել. վերջինս ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 111-րդ հոդվածով սահմանված հիմքով, այն է՝ ազատության մեջ գտնվող մեղադրյալին դատարան ներկայացնելու համար, ձերբակալվել է:
Նշենք, որ երեկ հայտնի դարձավ Խաչատուրովի ձերբակալման մասին։ Ըստ լուրերի` Խաչատուրովը ձերբակալվել է պաշտպանության նախկին նախարար, «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանի գործի շրջանակներում։
Հիշեցնենք, որ փետրվարի 8-ին ՀՀ ԱԺ–ում գլխավոր դատախազի ներկայացրած միջնորդությունների հիման վրա Սեյրան Օհանյանին զրկեցին պատգամավորական անձեռնմխելիությունից։
Օհանյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու որոշում է կայացվել, նրան խոշոր չափի վատնում կատարելու, պաշտոնեական լիազորությունները չարաշահելու մեղադրանք է ներկայացվել: