ՌԱԴԻՈ

Ֆիքսելու են ռուսական զորքերի տեղաշարժը. քաղաքագետը` ԵՄ դիտորդների մասին

ԵՄ առաքելության ժամկետը Բենիամին Մաթևոսյանը պատահական չի համարում` հիշեցնելով, որ ՌԴ խաղաղապահների առաքելության ավարտին ևս 2 տարի է մնացել։
Sputnik
ԵՄ նոր դիտորդական առաքելության մեջ եվրոպական երկրների ոստիկանական ուժերի ներկայացուցիչները գալիս են Հայաստան, որ իրենց մասնագիտական ունակություններն օգտագործելով` դիտարկեն ռուսական ու իրանական զորքերի տեղաշարժը։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս տեսակետը հայտնեց «Պոլիտէկոնոմիա» հետազոտական ինստիտուտի քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանը։
«Անկախ նրանից` զենքով են լինելու, թե ոչ, մենք հասկացանք, որ իրենք նախ կոնկրետ զբաղված են լինելու նրանով, որ ֆիքսելու են ռուսական զորքերի տեղաշարժը։ Նաև, հաշվի առնելով միջազգային հարաբերություններում առկա ներկայիս իրավիճակը, հաշվի առնելով տարիներ առաջ Հայաստանում արված հայտարարությունը, որ ինչ–որ պահի Իրանի հետ մեր սահմանը կարող է փակվել, տրամաբանական է, որ իրենք գալիս են դիտարկելու Իրանին»,– ասաց մեր զրուցակիցը։
Հիշեցնենք` փետրվարի 20-ից Հայաստանում մեկնարկել է Եվրամիության քաղաքացիական դիտորդական առաքելությունը` հայ–ադրբեջանական սահմանի երկայնքով։
Այդ առիթով Եվրոպական միության խորհրդի տարածած հաղորդագրության մեջ ասվում էր, որ քաղաքացիական առաքելությունն իրականացվելու է Հայաստանում` անվտանգության և պաշտպանության ընդհանուր քաղաքականության շրջանակում։
Առաքելությունը նախատեսված է 2 տարի ժամկետով, դրանում ընդգրկված է շուրջ 100 հոգանոց քաղաքացիական անձնակազմ, որոնցից 50–ը` անզեն դիտորդներ։
ԵՄ առաքելության ժամկետը ևս քաղաքագետը պատահական չի համարում` հիշեցնելով, որ ՌԴ խաղաղապահների առաքելության ավարտին ևս 2 տարի է մնացել։
«Ես չեմ բացառում, որ առաջիկա 2 տարիները լինեն 2018-20թթ–ի կրկնությունը, այսինքն` սահմանին լինի հարաբերական անդորր, ինչը կներկայացվի` տեսե՛ք,ԵՄ դիտորդներն եկան, մեզ բերեցին խաղաղություն և այլն, և ընդհանրապես էլ Արցախում խաղաղապահները պետք չեն, ռուսական զորքն էլ այստեղ այլևս պետք չէ։ Դրա հետ մեկտեղ էլ` այն, ինչ ցանկանում են ներառել խաղաղության պայմանագրի մեջ. ՌԴ խաղաղապահների փոխարեն ԵԱՀԿ–ի ազգային փոքրամասնությունների հանձնակատարը գրասենյակ կունենա Ստեփանակերտում, ու մենք դրանով կսահմանափակվենք»,– ասաց Մաթևոսյանը։
Իսկ երբ ռուսական ներկայությունը Հայաստանում վերացվի, քաղաքագետը չի բացառում, որ կկրկնվի արդեն 2020թ–ը։
Հիշեցնենք` Հայաստան նոր դիտորդական առաքելություն ուղարկելու Եվրամիության որոշման մասին հայտարարվեց հունվարի 23-ին։ Բրյուսելի մտահղացմամբ` 100 հոգուց բաղկացած և երկու տարի ժամկետով առաքելությունը պետք է խթանի Հայաստանի սահմանամերձ շրջանների կայունությունը, վստահության մթնոլորտ ձևավորի տեղերում և ապահովի այնպիսի պայմաններ, որոնք կնպաստեն Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանն ուղղված ԵՄ ջանքերին:
ԵՄ-ն 8 մլն եվրո կհատկացնի Հայաստանում նոր առաքելության աշխատանքի առաջին 4 ամսվա համար