ԵՐԵՎԱՆ, 21 փետրվարի – Sputnik. Երևան–Արմավիր ավտոճանապարհի 36 կմ հատվածում, Մեծամորի վարչական տարածքում բախվել են VAZ 2106 և Toyota CRH մակնիշի ավտոմեքենաները։ Այս մասին հայտնում է shamshyan.com–ը, որի տեղեկություններով՝ Toyota–ի վարորդը հայտնի հաղորդավար, դերասան Ռաֆայել Երանոսյանն է։
Դեպքը եղել է փետրվարի 21-ին՝ ժամը 13։10-ի սահմաններում։
Նշվում է, որ վթարի հետևանքով «06»-ի վարորդն ու ուղևորը տեղում առաջին բուժօգնություն են ստացել, ապա տեղափոխել «Արմավիր» բժշկական կենտրոն։ Քիչ անց «Մեծամոր» բժշկական կենտրոն բժշկական հետազոտման նպատակով դիմել է Toyota-ի վարորդը։
«Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի մեղավորը եղել է «06»-ի վարորդը, որը դեպի Արմավիր ընթանալիս Toyota-ի վարորդի համար ստեղծել է վթարային իրավիճակ, ինչն էլ դարձել է վթարի պատճառ։ Toyota-ի վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության, նա եղել է սթափ»,– գրում է կայքը։
Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է վարույթ։