Դատախազն ԱԺ–ում զբաղված էր մանիպուլյացիաներով` Խաչատուրովն այլ տուն է գրավադրել. փաստաբան

Միհրան Պողոսյանը հերքեց Աննա Վարդապետյանի այն հայտարարությանը, թե Գրիգորի Խաչատուրովի կողմից 4 մլն դրամով ձեռք բերված գույքը 18 միլիոն դրամով գրավ է դրվել բանկում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 21 փետրվարի – Sputnik. 3-րդ բանակային կորպուսի նախկին հրամանատար, գեներալ-մայոր Գրիգորի Խաչատուրովի կողմից 4 մլն դրամով ձեռք բերված գույքը 18 միլիոն դրամ գրավ դնելու հայտարարությունն իրականությանը չի համապատասխանում։ Հակակոռուպցիոն դատարանի բակում լրագրողների հետ զրույցում ասաց փաստաբան Միհրան Պողոսյանը։
Նշենք, որ այս պահին դատարանում քննվում է Խաչատուրովի կալանավորման միջնորդությունը։ Իսկ ավելի վաղ` փետրվարի 7-ին, ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը, ԱԺ–ում ներկայացնելով «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանի մեղադրանքի էությունը, հայտնել էր, թե Արմաշ համայնքում գտնվող հողամասն ու շինությունները, որոնք 4 մլն դրամով վաճառվել են Գրիգորի Խաչատուրովին, վերջինս 18 մլն դրամով է գրավ դրել։
«Գլխավոր դատախազն ԱԺ–ում զբաղված էր մանիպուլյացիաներով։ Տվյալ գույքի համար երբևիցե 18 մլն դրամ գումար չի վերցվել։ 2016-ի օգոստոսի 12-ին Գրիգորի Խաչատուրովը բնակարան է ձեռք բերել Վանաձորում։ Այդ բնակարանը ձեռք բերելու ժամանակ կնքվել է առուվաճառքի ու հիփոթեքի պայմանագիր. Խաչատուրովին 18 մլն դրամ է տրամադրվել հենց այդ բնակարանը գրավադրելու համար»,–ասաց փաստաբանը։
Դրանից հետո միայն, ըստ նրա, բանկը Խաչատուրովից պահանջել է լրացուցիչ գրավ ներկայացնել, և վերջինս էլ իր սանիկների հորը` Էդգար Արշակյանին (ըստ դատախազության Գրիգորի Խաչատուրովի հետ փոխկապակցված անձ է Էդգար Արշակյանը, որի հետ էլ Օհանյանի հանձնարարականով առուվաճառքի պայմանագիր է կնքվել ՊՆ-ին պատկանող հողերի մասով-խմբ.) խնդրել է լրացուցիչ գրավով օգնել։ Պողոսյանի խոսքով` հենց այդ ժամանակ էլ այդ տարածքը բանկում գրավադրվել է, սակայն դրա դիմաց Խաչատուրովը ոչ մի գումար չի ստացել։
Հավելենք, որ հարուցված քրգործով Միհրան Պողոսյանը հենց Էդգար Արշակյանի փաստաբանն է։