Բացահայտել է կես կիլոգրամից ավել թմրամիջոցի ապօրինի շրջանառության հերթական դեպքը

Մարիխուանա. Արխիվային լուսանկար
Վաղարշապատի բնակիչը կալանավորվել է խոշոր չափի թմրամիջոց ապօրինի ձեռք բերելու և պահելու համար։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 21 փետրվարի – Sputnik. Քննչական կոմիտեն բացահայտել է առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցի ապօրինի շրջանառության հերթական դեպքը. մեկ անձ է կալանավորվել, տեղեկանում ենք ՔԿ կայքից։
«Փետրվարի 17-ին՝ ժամը 14:10-ի սահմաններում, «Կորեայի Ձոր» կոչվող հատվածում ծառայություն իրականացնող պարեկները նկատել են, որ «Ֆորդ» ավտոմեքենայի վարորդը, տեսնելով իրենց, ձեռքի տոպրակը նետել է: Կասկածելով, որ տոպրակի մեջ առկա զանգվածը հնարավոր է թմրամիջոց լինի` նշված անձը, ապօրինի թմրանյութ պահելու և օգտագործելու անմիջականորեն ծագած կասկածանքի հիման վրա, տեղափոխվել է ոստիկանություն»,–ասված է հաղորդագրության մեջ։
Պարզվել է, որ վերջինս 1983թ.-ին ծնված Վաղարշապատ քաղաքի բնակիչ է, որի խուզարկությամբ հայտնաբերվել են դեղնականաչավուն զանգվածներ՝ 1.32 և 5.42 գրամ քաշով: Տղամարդու կողմից նետված փաթեթի փորձաքննությամբ հաստատվել է, որ դրանցում առկա 541.97 գրամ քաշերով զանգվածները Մարիխուանա են:
Վաղարշապատի բնակչին մեղադրանք է ներկայացվել քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով՝ իրացնելու նպատակով, քննությամբ դեռևս անհայտ օգտատիրոջից, առանձնապես խոշոր չափի թմրամիջոց ապօրինի ձեռք բերելու և պահելու համար:
Ձեռնարկվում են գործողություններ՝ թմրամիջոցի ձեռք բերման աղբյուրը, ապօրինի շրջանառության շղթան պարզելու ուղղությամբ: