Վարորդներից կաշառք վերցնելու համար ձերբակալվել է ՃՈ 4 տեսուչ

ՃՈ տեսուչները երթևեկության կանոնների խախտումներ թույլ տված մի շարք վարորդներից որպես կաշառք ստացել են տարբեր չափերի գումարներ:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 20 փետրվարի – Sputnik. Բացահայտվել են ոստիկանության պաշտոնատար անձանց կողմից կաշառք պահանջելու և ստանալու, քաղաքացիների կողմից ոստիկաններին կաշառք տալու նոր դեպքեր: Տեղեկությունը հայտնում է ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն։
Մասնավորապես` «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության տեսուչներ Ա. Ս.-ն, Մ. Հ.-ն, Վ. Խ.-ն և Հ. Գ.-ն երթևեկության կանոնների խախտումներ թույլ տված մի շարք վարորդներից այդ խախտումները չարձանագրելու պայմանով որպես կաշառք ստացել են տարբեր չափերի գումարներ:
«Ճանապարհային ոստիկանության վերը նշված չորս տեսուչները կաշառք ստանալու կասկածանքով փետրվարի 20–ին ձերբակալվել են Հակակոռուպցիոն կոմիտեի քննիչի կողմից»,–նշված է հաղորդագրության մեջ։
Կատարվում է նախաքննություն:
Ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ առերևույթ հանցագործություններ կատարած անձանց ամբողջ շրջանակը պարզելու ուղղությամբ:
Ուզում եմ մաղթել և հրամայել, որ ձեր ձեռքը կաշառքի չկպչի. Փաշինյանը` Տավուշի պարեկներին