Սիրիայի երկու քաղաքներում շենքեր են փլուզվել. կան տուժածներ

Ուժեղ երկրաշարժ է տեղի ունեցել Սիրիայի և Թուրքիայի սահմանին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 20 փետրվարի – Sputnik. Սիրիայի երկու քաղաքներում նոր երկրաշարժի պատճառով շենքեր են փլուզվել, կան տուժածներ։ Տեղեկությունը հայտնում է Al-Arabiya հեռուստաալիքը՝ հղում անելով իր աղբյուրներին։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Սիրիայի և Թուրքիայի սահմանին Երևանի ժամանակով 21.05–ին 6,4 մագնիտուդով նոր երկրաշարժ է տեղի ունեցել, որին հաջորդել է մի քանի քանի հետցնցում, որոնցից ամենաուժգինը` 5,8 մագնիտուդ։ Թուրքիայի Հաթայ նահանգը հոսանքազրկված է, ավերածություններ կան։
«Սիրիայի հյուսիսում գտնվող Էլ-Բաբ և Հարիմ քաղաքներում նոր երկրաշարժից շենքերի փլուզման հետևանքով տուժածներ կան»,- հայտնել են հեռուստաալիքի աղբյուրները։
Հիշեցնենք` փետրվարի 6–ին` ժամը 05.17–ին, Թուրքիայի Ղահրամանմարաշ գավառում երկրաշարժ է տեղի ունեցել, որն ավերածությունների է հանգեցրել մի շարք քաղաքներում։ Երևանի ժամանակով 14։24-ին և 14։36-ին ևս 2 ուժգին երկրաշարժ է գրանցվել։ Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 10-11 բալ:
Թուրքիայում երկրաշարժի զոհերի թիվը անցել է 41 հազարից, ամբողջությամբ կամ մասնակի ավերվել է գրեթե 84 հազար շինություն։
Նույն երկրաշարժը զոհերի ու ավերածությունների պատճառ է դարձել նաև Սիրիայում։ Այս պահին հայտնի է 8500-ից ավելի զոհերի մասին, ամբողջությամբ կամ մասնակի ավերվել է մոտ 4 հազար շինություն։
Հետցնցումների թիվը տարածաշրջանում գերազանցել է 4 հազարը։