ՌԱԴԻՈ

Սեփական միջոցներով երկրաշարժի հետևանքները հաղթահարելը Թուրքիայի համար բարդ կլինի. Քթոյան

Արմեն Քթոյանն արձանագրում է, որ երկրաշարժից տուժած շրջանները Թուրքիայի աղքատ շրջաններն են, որտեղ տնտեսության հիմնական ճյուղերն են գյուղատնտեսությունն ու թեթև արդյունաբերությունը։
Sputnik
Սեփական ռեսուրսներով երկրաշարժի հետևանքները հաղթահարելը Թուրքիայի համար շատ բարդ կլինի։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասաց Հանրային քաղաքականության հետազոտությունների ազգային կենտրոնի փորձագետ, տնտեսագետ Արմեն Քթոյանը։
«Թուրքիան արդեն տևական ժամանակ է, ինչ բարդություններ ունի օտարերկրյա ներդրումներ ներգրավելու ու արտաքին ֆինանսավորման հարցերում։ Այնպես որ, չեմ կարծում, թե Էրդողանի հայտարարած մեկ տարին բավական կլինի այսօրինակ հսկայածավալ աղետի հետևանքները վերացնելու համար»,– ասաց տնտեսագետը։
Թուրքիայի հարավ-արևելքում փետրվարի 6-ին տեղի ունեցած երկրաշարժից 1 շաբաթ անց այդ երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարեց աղետի հետևանքով ավերված բնակավայրերը մեկ տարվա ընթացքում վերկանգնելու մասին։
Ավելի ուշ համաշխարհային վերլուծական կենտրոնները, հաշվարկելով Թուրքիայի տնտեսական վնասները, հայտնեցին, որ երկրաշարժը Թուրքիայի տնտեսությանը շուրջ 84 միլիարդ դոլարի վնաս է հասցրել, ինչը հավասար է այդ երկրի ՀՆԱ-ի 10%-ին։ Եվս 70 մլրդ դոլար էլ գնահատվեց բնակելի շենքերին հասցված նյութական վնասը։
Արմեն Քթոյանի կարծիքով` այս գնահատականները դեռևս վերջնական չեն։ Երկրաշարժի հետևանքներն էլ դեռ ամբողջությամբ գնահատված չեն, նույնիսկ զոհերի թիվը դեռ վերջնական չէ և օրեցօր աճում է։
Չնայած դրան, փորձագետի համոզմամբ, երկրաշարժը Թուրքիայում լուրջ տնտեսական անկման չի հանգեցնի։
«Երկրաշարժը, իհարկե, հանգեցնում է կորուստների, որոնք լուրջ փոխհատուցման կարիք են զգում, բայց չեմ կարծում, թե դա լուրջ անկման նախադրյալ կհանդիսանա»,– ասաց Քթոյանը։
Թուրքիայի տնտեսությունը, նրա դիտարկմամբ, շարունակում է մեծացնել արտահանման ծավալները, մասնավորապես դեպի ՌԴ` արագ գրավելով արևմտյան ընկերությունների թողած խորշերը և օգտվելով թուրքական լիրայի 70-80 տոկոս արժեզրկումից։ Մյուս կողմից Թուրքիայի տնտեսության զարգացման դրական հեռանկար են խոստանում նաև ապագային միտված էներգետիկ ծրագրերը։
Երկրաշարժից Թուրքիայի Հաթայ նահանգում երեք հայկական եկեղեցի է վնասվել
Ինչ վերաբերում է աղետից տուժած շրջաններին, տնտեսագետն արձանագրում է, որ դրանք Թուրքիայի աղքատ շրջաններն են, որտեղ տնտեսության հիմնական ճյուղերն են գյուղատնտեսությունն ու թեթև արդյունաբերությունը։ Այս հիմնավորմամբ Քթոյանը կարծում է, որ աղետը տնտեսական ներուժի լուրջ անկման չի հանգեցնի։
«Պայմանականորեն ասած` երկրաշարժի գոտին Թուրքիայի երկրորդ ամենաաղքատ տարածաշրջանն է, որտեղ տնային տնտեսությունների միջին եկամուտը Թուրքիայի միջինից 2-2.5 անգամ ցածր է։ Առաջինը Հայաստանին սահմանակից քրդաբնակ շրջաններն են։ Այս իմաստով` երկրաշարժը տվյալ գոտում տնտեսական խնդիրներ չի ստեղծում»,– ասաց տնտեսագետը։
Արմեն Քթոյանի համոզմամբ` Թուրքիայի իշխանությունների ու բյուջեի համար շատ ավելի մեծ խնդիր է աղետի գոտու 15 մլն բնակչության համար սոցիալական ծրագրերի իրականացումը, հատկապես նախագահական ընտրություններին ընդառաջ։ Մինչդեռ Թուրքիայի տնտեսության համար, տնտեսագետի դիտարկմամբ, շատ ավելի կարևոր են ոչ թե ընտրություններից առաջ իրականացվող սոցիալական պոպուլիստական ծրագրերը, այլ հետագա ֆինանսական կայունության համար ձեռնարկվող քայլերը։
Հիշեցնենք` փետրվարի 6–ին` ժամը 05.17–ին, Թուրքիայի Ղահրամանմարաշ գավառում երկրաշարժ է տեղի ունեցել, որն ավերածությունների է հանգեցրել մի շարք քաղաքներում։ Երևանի ժամանակով 14։24-ին և 14։36-ին ևս 2 ուժգին երկրաշարժ է գրանցվել։ Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 10-11 բալ:
Փետրվարի 20-ի տվյալներով` Թուրքիայում զոհերի թիվը հասել է շուրջ 41.000–ի, իսկ Սիրիայում` մոտ 8500–ի։ Վիրավորները Թուրքիայում 110.000–ն են, իսկ Սիրիայում` 10.000։