ԵՐԵՎԱՆ, 20 փետրվարի – Sputnik. Ծնվել է ռեժիսոր Սարիկ Անդրեասյանի և դերասանուհի Լիզա Մորյակի դուստրը։ Այս մասին Անդրեասյանը հայտնել է «Ինսթագրամի» իր էջում։
Նա նշել է, որ փոքրիկը ծնվել է փետրվարի 19-ին, ժամը 18։12–ին։
«Միջանցքում կանգնած էի ու լսեցի ծափահարություններ և «ուռա»։ Ծննդաբերում էր Լիզան, իսկ սպասումից լացում և հուզվում էի ես։ Մեզ մոտ ամեն ինչ լավ է։ Աղջիկը խիտ մազերով է, սևուկ և փոքր–ինչ դժգոհ։ Դա նշանակում է, որ ինձ է նման»,– գրել է ռեժիսորը։
Անդրեասյանը նաև լուսանկարներ է հրապարակել գրառմանը կից, որոնցից մեկում նա գրկել է իր նորածին դստերը։
Հիշեցնենք, որ Սարիկը մեկ անգամ արդեն ամուսնացած է եղել լրագրող Ալյոնա Անդրեասյանի հետ։ Առաջին ամուսնությունից նա ունի երկու որդի` Մարկը (2013թ.) և Մարտինը (2017թ.): Սակայն 2018 թվականին, յոթ տարվա ամուսնությունից հետո, պրոդյուսերը բաժանվեց կնոջից, բայց շարունակում է հոգ տանել երեխաների մասին։
Շատերը բաժանման պատճառը համարեցին երիտասարդ դերասանուհի Լիզա Մորյակին, որի հետ ռեժիսորը բուռն սիրավեպ ուներ: Հարցազրույցներից մեկում դերասանուհին խոստովանել է, որ իրենք ծանոթացել են «Աղջիկները տարբեր են լինում» ֆիլմի նկարահանման հրապարակում։