Պեկինը կոչ է անում ԱՄՆ-ին դադարեցնել ՌԴ-ին օգնելու մասին ապատեղեկատվություն տարածելը

Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտաքին գործերի նախարարության շենքը. Արխիվային լուսանկար
Չինաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ներկայացուցիչը նշել է, որ միջազգային հանրությանն ակնհայտ է, թե ով է երկխոսության կոչ անում հանուն խաղաղության, ու ով է յուղ լցնում կրակի վրա։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 20 փետրվարի – Sputnik. Ուկրաինական հակամարտության մարտի դաշտում զենք է մատակարարում ԱՄՆ-ն, այլ ոչ թե Չինաստանը, Վաշինգտոնը պետք է դադարեցնի ապատեղեկատվություն տարածելն ու պատասխանատվությունը չբարդի ուրիշների վրա։ Այս մասին հայտարարել է Չինաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Վան Վենբինը։
«Մարտի դաշտում անընդհատ զենք է մատակարարում ԱՄՆ-ը, ոչ թե Չինաստանը։ ԱՄՆ-ն իրավունք չունի Չինաստանին հրամաններ և կարգադրություններ տալ, մենք երբեք հրահանգներ և նույնիսկ սպառնալիքներ ու ճնշումներ չենք ընդունի ԱՄՆ-ի կողմից ռուս-չինական հարաբերությունների նկատմամբ։ Ուկրաինայի հարցով Չինաստանի քաղաքականությունը հանգում է մեկ արտահայտության՝ առաջ մղել հաշտեցումը և նպաստել բանակցությունների անցկացմանը», – հայտարարել է դիվանագետը։
Նա նշել է, որ ի վերջո ողջ միջազգային հանրության համար ակնհայտ է, թե ով է երկխոսության կոչ անում հանուն խաղաղության, իսկ ով է կրակի վրա յուղ լցնում ու առճակատման հրահրում։
«Մենք կոչ ենք անում ԱՄՆ-ին լրջորեն վերաիմաստավորել իր գործողություններն ու արարքները, ավելի գործնական քայլեր ձեռնարկել իրավիճակի լիցքաթափման և խաղաղ բանակցությունների անցկացմանն աջակցելու համար, ինչպես նաև դադարեցնել պատասխանատվությունը ուրիշի վրա դնելն ու կեղծ տեղեկություններ տարածելը», - հավելել է նա:
Վան Վենբինն ընդգծել է, որ Չինաստանը կշարունակի ամուր կանգնել երկխոսության և խաղաղության կողքին, ինչպես նաև կառուցողական դեր խաղալ իրավիճակի լիցքաթափմանն աջակցելու գործում:
Ավելի վաղ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը հայտարարել էր, որ ԱՄՆ-ն տեղեկություններ ունի այն մասին, որ Չինաստանը մտածում է Ռուսաստանին «մահաբեր» ռազմական օգնություն ցուցաբերելու մասին՝ պարզաբանելով, որ խոսքը կարող է վերաբերել ինչպես սպառազինությանը, այնպես էլ զինամթերքին: