Մոտ 1,5 հազար բեռնատարներ «Վերին Լարսում» սպասում են ՌԴ-ից Վրաստան անցնելու հերթի

Անցած շաբաթ այս հատվածում երթևեկությունը մեկ անգամ չէ, որ փակվել է եղանակային պայմանների պատճառով։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 20 փետրվարի – Sputnik. Ռազմավիրական ճանապարհը փակ է մնում բեռնատար ավտոտրանսպորտի երթևեկության համար եղանակային պայմանների պատճառով, Ռուսաստանից «Վերին Լարս» անցակետ դուրս գալու հերթում կանգնած են գրեթե 1,5 հազար բեռնատարներ: Այս մասին հայտնել Է Հյուսիսային Օսիայի փոխվարչապետ Իրբեկ Տոմաևը։
Նա նշել է, որ անցած շաբաթ այդ հատվածում երթևեկությունը մեկ անգամ չէ, որ փակվել է՝ կապված եղանակային պայմանների, ձնահոսքի վտանգի և ձյան մաքրման անհրաժեշտության հետ։ Տարանցիկ տրանսպորտի երթևեկությանը սպասող վարորդների կայանատեղիներում տեղակայվել են ջեռուցման կետեր, կազմակերպվել է ջրի մատակարարում։
«Անցած շաբաթվա ընթացքում երկու ուղղություններով էլ «Վերին Լարս» անցակետով պետական սահմանի հատումն իրականացրել է 14 հազար միավոր ավտոտրանսպորտ և 32,5 հազար մարդ», - նշել է Տոմաևը:
Ռազմավիրական ճանապարհը ներկայումս Հայաստանը Ռուսաստանին կապող միակ ցամաքային ճանապարհն է։ Այն պարբերաբար փակվում է վատ եղանակի պատճառով։