Հայաստանը բարձր է գնահատում ԱՄՆ-ի ներդրած ջանքերը. Միրզոյանն ընդունել է ԱՄՆ նոր դեսպանին

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ նորանշանակ դեսպան Քրիստինա Քվիենին
Հանդիպման ընթացքում կարևորվել է նաև Հայաստան-ԱՄՆ գործընկերության հետագա խորացումը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 20 փետրվարի – Sputnik. ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն այսօր ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ նորանշանակ դեսպան Քրիստինա Քվիենին և նրա հետ քննարկել տարածաշրջանային անվտանգությանն ու կայունությանն առնչվող հարցեր: Տեղեկությունը հայտնում է ԱԳՆ մամուլի ծառայությունը։
«Հանդիպմանը անդրադարձ է կատարվել Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացի վերջին զարգացումներին, այդ թվում՝ Մյունխենում տեղի ունեցած եռակողմ հանդիպմանը»,–նշված է հաղորդագրության մեջ։
Միրզոյանը նշել է, որ հայկական կողմը բարձր է գնահատել ԱՄՆ ներդրած ջանքերը՝ ինչպես երկկողմ ձևաչափում, այնպես էլ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրի, տարածաշրջանում երկարատև խաղաղության հաստատման գործում:
Անդրադառնալով Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի ապօրինի շրջափակմանը՝ Արարատ Միրզոյանը շեշտել է, որ ադրբեջանական կողմն առանց որևէ նախապայմանների պետք է վերականգնի Լաչինի միջանցքի՝ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ սահմանված ռեժիմը:
Հանդիպման ընթացքում Միրզոյանը կարևորել է նաև Հայաստան-ԱՄՆ գործընկերության հետագա խորացումը՝ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում: Ընդգծվել է Հայաստան-ԱՄՆ ռազմավարական երկխոսության ձևաչափի կարևորությունը։
Հանդիպման ընթացքում դեսպանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել ՀՀ ԱԳ նախարարին։
Հիշեցնենք, որ Հայաստանում 2019 թվականին ԱՄՆ դեսպան էր նշանակվել Լին Թրեյսին։2023-ից նրան այդ պաշտոնում փոխարինեց Քրիստինա Քվիենը։