Երևանում պաշտոնատար անձը 500 000 դրամ կաշառք է վերցրել ու ձերբակալվել. տեսանյութ

Ավան վարչական շրջանի աշխատակազմի քաղաքաշինության և հողօգտագործման բաժնի պետը գումար է վերցրել ու դոլարի վերածել։
Sputnik
ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը տեղական ինքնակառավարման մարմնի պաշտոնատար անձի կողմից կաշառք ստանալու դեպք է բացահայտել։ Տեղեկությունը հրապարակվել է կառույցի կայքում։
ԱԱԾ–ն տեղեկություն է ունեցել, որ Երևանի Ավան վարչական շրջանի աշխատակազմի քաղաքաշինության և հողօգտագործման բաժնի պետը, նախնական համաձայնության գալով նույն վարչական շրջանի այլ պաշտոնատար անձանց հետ, 2022 թվականի դեկտեմբերից մինչև 2023 թվականի փետրվարի 17-ն ընկած ժամանակահատվածում կառուցապատման աշխատանքներով զբաղվող քաղաքացիներից պահանջել և տարբեր չափերի կաշառք է ստացել գումար տված անձանց օգտին ապօրինի գործողություններ կամ անգործություն կատարելու համար։
Ավան վարչական շրջանի աշխատակազմի քաղաքաշինության և հողօգտագործման բաժնի պետի պաշտոնը զբաղեցնող անձը Ավան վարչական շրջանում կառուցապատման աշխատանքներ կատարող Բ. Ս-ի օգտին գործողություն կատարելու, այն է՝ շինարարա­կան աշխատանքներ իրականացնելու թույլտվություն տրամադրելու համար, իր կողմից շահագործվող «BMW» մակնիշի ավտոմեքենայում 500 000 դրամ ստանալուց և տարադրամի փոխանակման կետում այն դոլարի փոխարկելուց հետո կաշառք տված անձի հետ հայտնաբերվել ու ձերբակալվել է։
Դեպքերի կապակցությամբ ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով նախաձեռնվել է քրեական վարույթ։
Արմավիրի պետական քոլեջի նախկին տնօրենը և նրան օժանդակած անձինք ձերբակալվել են