ԵՄ առաքելությունը կարևոր դեր կխաղա սահմանի բնակչության անվտանգության գործում. Միրզոյան

Հանդիպման ընթացքում քննարկումների առանցքում եղել են ԵՄ նոր քաղաքացիական մշտադիտարկման առաքելությանն առնչվող հարցեր:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 20 փետրվարի – Sputnik. Հայաստանում ԵՄ առաքելությունը կարևոր ներդրում կունենա տարածաշրջանում կայունության և Ադրբեջանի հետ սահմանամերձ շրջաններում ապրող բնակչության անվտանգության ապահովման գործում: Այս մասին հայտարարել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ԵՄ արտաքին գործողությունների ծառայության քաղաքացիական գործողությունների հրամանատար Ստեֆանո Թոմատի գլխավորած պատվիրակության ընդունելության ժամանակ, հայտնում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծաայությունը։
Հանդիպմանը ներկա է եղել նաև Հայաստանում ԵՄ մշտադիտարկման առաքելության ղեկավար Մարկուս Ռիտերը:
Հայտնել ենք, որ Եվրամիության քաղաքացիական առաքելությունն այսօրվանից սկսում է իր աշխատանքը Հայաստանում։
Միրզոյանը բարձր է գնահատել Հայաստանում ԵՄ երկարաժամկետ քաղաքացիական առաքելության տեղակայման մասին որոշումը։
Անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանի անվտանգային ընդհանուր իրավիճակին և խաղաղություն հաստատելուն ուղղված Հայաստանի և միջազգային ջանքերին:
Ավելի վաղ Ստեֆանո Թոմատի գլխավորած պատվիրակությանն ընդունել էր ՀՀ արտգործնախարարի նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը։
Հիշեցնենք` Հայաստան նոր դիտորդական առաքելություն ուղարկելու Եվրամիության որոշման մասին հայտարարվեց հունվարի 23-ին։ Բրյուսելի մտահղացմամբ` երկու տարի ժամկետով առաքելությունը պետք է խթանի Հայաստանի սահմանամերձ շրջանների կայունությունը, վստահության մթնոլորտ ձևավորի տեղերում և ապահովի այնպիսի պայմաններ, որոնք կնպաստեն Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանն ուղղված ԵՄ ջանքերին:
ԵՄ-ն 8 մլն եվրո կհատկացնի Հայաստանում նոր առաքելության աշխատանքի առաջին 4 ամսվա համար
ԵՄ առաքելության՝ բացառապես քաղաքացիական անձնակազմի կազմում ընդգրկված կլինի մոտավորապես 100 մարդ, այդ թվում՝ շուրջ 50 անզեն դիտորդ:
Առաքելության օպերատիվ շտաբը կլինի ՀՀ Վայոց Ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքում։ Եվրոպայի արտաքին գործողությունների ծառայության Քաղաքացիական պլանավորման և վարման կարողությունների (CPCC) գործադիր տնօրեն Ստեֆանո Թոմատը կաշխատի որպես Քաղաքացիական գործողությունների հրամանատար, իսկ Մարկուս Ռիտերը՝ որպես առաքելության ղեկավար: