ԵՐԵՎԱՆ, 20 փետրվարի - Sputnik. Հիվանդությունների կանխարգելման և վերահսկման եվրոպական կենտրոնը (ECDC) հայտարարել է Թուրքիայի և Սիրիայի` երկրաշարժերից տուժած շրջաններում վարակիչ հիվանդությունների տարածման վտանգի մասին:
«Վարակիչ հիվանդությունների սպառնալիքների վերաբերյալ մտահոգությունները կարող են սրվել առաջիկա երկուսից չորս շաբաթվա ընթացքում»,-ասված է ECDC-ի կայքում հրապարակված հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ առաջիկա շաբաթներին տուժած շրջաններում խոլերայի դեպքերի աճի մեծ հավանականություն կա։
Բացի այդ, չի բացառվում նաև տուժածների ճամբարներում այլ հիվանդությունների զարգացումը, ինչպիսիք են հեպատիտ A-ն և ռոտավիրուսը:
Հիվանդությունների տարածմանը կարող է հանգեցնել մաքուր ջրին սահմանափակ հասանելիությունը, սանիտարահիգիենիկ պայմանների բացակայությունը։
Շնչառական վարակներն առանձնահատուկ մտահոգություն են առաջացնում, դրանց բռնկումների ռիսկը մեծանում է տուժածների ժամանակավոր ճամբարներ տեղափոխվելու պատճառով, որտեղ անհնար է խուսափել մարդկանց կուտակումից:
Հիշեցնենք` փետրվարի 6–ին` ժամը 05.17–ին, Թուրքիայի Ղահրամանմարաշ գավառում երկրաշարժ է տեղի ունեցել, որն ավերածությունների է հանգեցրել մի շարք քաղաքներում։ Երևանի ժամանակով 14։24-ին և 14։36-ին ևս 2 ուժգին երկրաշարժ է գրանցվել։ Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 10-11 բալ:
Թուրքիայում երկրաշարժի զոհերի թիվը անցել է 41 հազարից, ամբողջությամբ կամ մասնակի ավերվել է գրեթե 84 հազար շինություն։
Հավելենք, որ նույն երկրաշարժը զոհերի ու ավերածությունների պատճառ է դարձել նաև Սիրիայում։ Այս պահին հայտնի է 8500-ից ավելի զոհերի մասին, ամբողջությամբ կամ մասնակի ավերվել է մոտ 4 հազար շինություն։
Հետցնցումների թիվը տարածաշրջանում գերազանցել է 4 հազարը։