ԵՐԵՎԱՆ, 20 փետրվարի – Sputnik. ԱՄՆ-ը բարձր է գնահատում Թուրքիայի քայլերը Հունաստանի, Հայաստանի և Իսրայելի հետ հարաբերությունները բարելավելու ուղղությամբ։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի հետ կայացած մամուլի ասուլիսում, հաղորդում է ՌԻԱ Նովոստին
«Մենք շատ բարձր ենք գնահատում այն դրական քայլերը, որոնք Թուրքիան ձեռնարկում է Հունաստանի, Հայաստանի և Իսրայելի հետ հարաբերությունները բարելավելու համար։ Այդ երկրների քաղաքացիները Թուրքիայի իրենց գործընկերների հետ միասին աշխատում են երկրաշարժի հետևանքները վերացնելու ուղղությամբ»,- ասել է Բլինկենը։
Բլինկենի խոսքով` ԱՄՆ-ն և Թուրքիան գործընկերներ են համաշխարհային ահաբեկչության դեմ պայքարում, Բալկաններում և Կովկասի տարածաշրջանում խաղաղության ամրապնդման գործում։
«Մենք հավատարիմ ենք պաշտպանական ոլորտում մեր շատ սերտ համագործակցության պահպանմանը», - հավելել է ԱՄՆ պետքարտուղարը։
Հիշեցնենք, որ փետրվարի 6–ին` ժամը 05.17–ին, Թուրքիայի Ղահրամանմարաշ գավառում երկրաշարժ է տեղի ունեցել, որն ավերածությունների է հանգեցրել մի շարք քաղաքներում։ Երևանի ժամանակով 14։24-ին և 14։36-ին ևս 2 ուժգին երկրաշարժ է գրանցվել։ Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 10-11 բալ: Երկրաշարժի զոհերի թիվը անցել է 41 հազարը:
Նշենք, որ երկրաշարժից հետո Հայաստանից որոնողափրկարարական թիմեր են մեկնել Թուրքիա և Սիրիա փետրվարի 8-ին։
Երկրաշարժից տուժած երկրներին Հայաստանը շուրջ 200 տոննա մարդասիրական օգնություն է տրամադրել` սնունդ, հագուստ, դեղորայք։
Հավելենք` Երևանն ու Անկարան 2021 թվականի դեկտեմբերին հայտարարեցին, որ պատրաստ են հարաբերությունների կարգավորման հստակ քայլեր ձեռնարկել, և երկուստեք հատուկ ներկայացուցիչներ նշանակեցին. Անկարան՝ Վաշինգտոնում Թուրքիայի նախկին դեսպան Սերդար Քըլըչին, իսկ Հայաստանը՝ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանին։
Ավելի ուշ ԱԳՆ-ն հայտարարեց, որ կողմերը համաձայնել են շարունակել լիարժեք կարգավորման բանակցությունները՝ առանց նախապայմանների։
Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացի շրջանակում երկու երկրների հատուկ ներկայացուցիչների առաջին հանդիպումը կայացավ հունվարի 14-ին Մոսկվայում, մյուս երեքը` փետրվարի 24-ին, մայիսի 3-ին և հուլիսի 1-ին Վիեննայում։