35 տարի առաջ սկսվեց Ղարաբաղյան շարժումը. պատմում են անմիջական մասնակիցները

1988–ի բազմամարդ հանրահավաքները. Արխիվային լուսանկար
Sputnik
Եկեք անկեղծ լինենք։ Երբ 1988 թվականի փետրվարի 20-ին ազգովի հավաքվեցինք Օպերայի հրապարակում, մեզնից երևի թե ոչ մեկը պատրաստ չէր համաձայնել Կարեն Դեմիրճյանի հետ, որի կարծիքը նրա կինը՝ Ռիմա Դեմիրճյանը, հետագայում էսպես է շարադրել իր գրքում. «Կարենն ասում էր, որ հիմա հարցը չի լուծվի, ժամանակից շուտ է, դեռ չի հասունացել: Նա մտածում էր Ղարաբաղի կարգավիճակը բարձրացնելու մասին` Ղարաբաղը դառնա ինքնավար հանրապետություն: Նրա գրառումներում կա, որ այդ հարցում հաջողվել է պայմանավորվել Լիգաչովի և մյուսների հետ»։
Իհարկե, կային մարդիկ, որոնք կանխատեսում էին, որ առջևում մեզ բազմաթիվ փորձություններ են սպասում, բայց ընդհանուր տրամադրությունը, որը երեք ու կես տասնամյակ առաջ ներկայացրել է Լևոն Տեր-Պետրոսյանը, իրոք այսպիսին էր. «Պարզ է մի բան, որ հայ ժողովուրդն այլևս երբեք չի կարող հաշտվել Ղարաբաղն Ադրբեջանի կազմում թողնելու մտքի հետ և նույն միասնականությամբ ու վճռականությամբ կշարունակի իր պայքարը մինչև մարզի վերջնական վերամիավորումը Հայաստանի հետ»։
Խոստովանենք՝ շատ միամիտ էինք։ Վկայում է Համբարձում Գալստյանը. «Բոլորիս մեջ խորը նստած էր այն համոզմունքը, որ «մեր» Գորբաչովն անպայման ուզում է «մեր» հարցը լուծել, բայց նրան խանգարում է իր հետադիմական շրջապատը: Որ ընդամենն անհրաժեշտ է սպասել ու չխանգարել, որ նա ուժ հավաքի: Ու հենց որ Գորբաչովն ուժ հավաքեց, Լիգաչովի հերն անիծելու է, և Ղարաբաղի հարցի լուծումը հարթ, ողորկ ու ասֆալտապատ ճանապարհ է դուրս գալու: Այդ հարցի պատասխանն էլ ունեինք, թե ինչու պիտի Գորբաչովը Ղարաբաղի հարցը լուծի: Ժողովրդի մի մասն ասում էր, որ մոր, թե տատի կողմից հայ է։ Ի դեպ, մի քանի ամիս հետո էլ՝ փուքսը մարելուց հետո, ասում էին, թե թուրք է: Մարդկանց մի մասն էլ ասում էր, թե Կիսլովոդսկում քաղկոմի քարտուղար աշխատելու ժամանակ Գորբաչովը հայ «ցեխավիկների» հետ մոտ է եղել»։
Երևի ճիշտ են նկատել մասնագետները, որ տարերային շարժումները երբեք «անտեր» չեն մնում։ Պատմում է Ալեքսան Հակոբյանը. «Ղարաբաղյան շարժման երեք բաղկացուցիչներից մեկը համալսարանական ժողովրդավար-հեղափոխականների սերունդն էր: Երկրորդ բաղկացուցիչը ժողովրդավար-ազգայնականներն էին` Վազգեն Մանուկյան, Բաբկեն Արարքցյան, Դավիթ Վարդանյան, Լևոն Տեր-Պետրոսյան և այլք: Երրորդ խմբում էին մեր արցախցի ընկերները: Այս երեք մեծ ուժերի միացման արդյունքն էր «Ղարաբաղ» կոմիտեն, որի հետևից գնաց ժողովրդի հոծ զանգվածը»։
11-հոգանոց մարմինը, ըստ Վազգեն Մանուկյանի, այսպես ձևավորվեց. «Իրականում բոլորին միմյանց կապողը Իգոր Մուրադյանն էր: Աշոտ Մանուչարյանը, Ալեքսան Հակոբյանը, Համբարձում Գալստյանը կոմիտեին էին միացել կոմսոմոլից, որտեղ 70-ականներին որոշակի ռեֆորմիստական շարժումների էին մասնակցել: Կոմիտեի աշխատանքներին ես ներգրավել էի Բաբկեն Արարքցյանին և Դավիթ Վարդանյանին: Սամսոն Ղազարյանն ու Սամվել Գևորգյանը մեզ միացան էկոլոգիական շարժումներից: Լևոն Տեր-Պետրոսյանին խորհուրդ տվեց վերցնել Համբարձումը Գալստյանը: Քանի որ զանգվածային շարժումներն առավելապես գրավում են անհաջողակ մարդկանց, կոմիտեում ներգրավում էինք այնպիսի մարդկանց, որոնք հաջողակ էին։ Օրինակ` Լևոն Տեր-Պետրոսյանը գիտությունների դոկտոր էր և Մատենադարանի գիտքարտուղարն էր, Բաբկեն Արարքցյանը բուհում ամբիոնի վարիչ էր»…
Թե ինչ եղավ հետո, ներկայացնում է Ռաֆայել Ղազարյանը։ «Միանգամից ասեմ, որ շարժումը մենք մաքուր ձեռքերով ենք սկսել, չնայած այսօր հետադարձ հայացքով փորձում են աղտոտել նույնիսկ Ղարաբաղյան շարժման մեջ եղած ամենալավը: Այն ժամանակ, համոզված եմ` «Ղարաբաղ» կոմիտեի բոլոր անդամները համակված էին Ղարաբաղի գաղափարով։ Բայց հետո սկսվեց «Ղարաբաղ» կոմիտեի գործունեության տհաճ շրջանը՝ զգացնել տվեցին նաև սուբյեկտիվ բարդությունները, որոնցից ամենավշտացնողն այն է, որ իմ գործընկերները չդիմացան իշխանության փորձությանը»:
Եվ վերջում թույլ տվեք մեջբերել Վանո Սիրադեղյանի կարծիքը, որին «Ղարաբաղ» կոմիտեի մեկ այլ անդամ՝ Աշոտ Մանուչարյանը, այսպես է բնութագրել. «Ղարաբաղ» կոմիտեում նա հայ ժողովրդի հավաքական կերպարն էր: Կարող էինք երկար ինչ-որ հարց քննարկել, դժվարությամբ համաձայնության գալ, մեկ էլ գալիս էր Վանոն, լսում էր ու ասում. «էս ինչ ախմախ բան եք մտածել»: Եվ մենք հասկանում էինք, որ ժողովուրդն այդ որոշումը չի ընդունի»։
Տարիներ առաջ Վանո Սիրադեղյանը համոզված էր, որ շատ դրական դեր կարող է խաղալ սերնդափոխությունը։ Մեջբերեմ. «Շուտ ծերացանք, «Ղարաբաղ» կոմիտեի անդամներս միջինը 50 տարեկան ենք արդեն։ Ու չհասկացանք, որ 25-30 տարեկան տղամարդիկ կան, որոնք նույնիսկ մոտ չեն եկել իշխանության ոլորտներին: Այնինչ, ուժը, փաստորեն, մտավոր, ֆիզիկական թարմ ուժը, օրական 14-20 ժամ աշխատելու ընդունակ ուժն այդ սերնդի մեջ է»։
Դե ինչ, մնում է փաստել, որ հինգ տարի առաջ Հայաստանում իրոք իշխանության եկան նոր, երիտասարդ սերնդի ներկայացուցիչները։ Թե դա ինչ հետևանքներ ունեցավ Հայաստանի ու նաև Արցախի համար, գնահատեք ինքներդ։
Մեր նորագույն պատմության փառավոր էջն է. Ռոբերտ Քոչարյանը՝ ղարաբաղյան շարժման մասին