Բոլոր նրանք, ովքեր մտնում են Արարատի մարզի Աբովյան գյուղի դպրոցի մարզադահլիճ, նախ նայում են պատերին կամ առաստաղին, իսկ «Արի գյուղ, գյուղում կյանք կա» նախաձեռնության հեղինակ Անահիտ Գևորգյանը` հատակին։ Դրա համար պատճառներ կան։ Նրա համառության և ջանքերի շնորհիվ է, որ այս դահլիճը վերանորոգվել է, բայց ասում է` թիմային աշխատանքն է հաջողություն բերում, կարևորը ոչ թե «ես»–ն է, այլ «մենք»–ը:
Այս պատմությունը սկսվեց գրեթե մեկ տարի առաջ. ֆիզկուլտուրայի ուսուցչուհի Գոհար Գևորգյանը նամակ գրեց Անահիտին և խնդրեց օգնել մարզասրահի վերանորոգման հարցում։ Անահիտը, որը նման փորձ արդեն ուներ, արձագանքեց, և սկսվեց թիմային աշխատանքը, որի մասին արդեն գրել ենք։
Իսկ հիմա` մեր հոդվածից տասը ամիս անց, մարզասրահում թարմ ներկի հոտ է գալիս, հատակը փոխված է, ջեռուցում կա (վերջինը պետությունն է արել. խմբ)։ Երեխաները վոլեյբոլ են խաղում ու մտածում, թե որտեղ պիտի տեղադրեն թենիսի նոր սեղանը. սպասում են, որ սպորտային պարագաները տեղ հասնեն:
Դպրոցի աշակերտները վոլեյբոլ են խաղում
© Sputnik / Asatur Yesayants
Նրանք դժվարությամբ են հավատում, որ մեկ տարի առաջ սա ցուրտ տարածք էր` անհարթ պատերով և փտած հատակով։ Բայց նրանք բոլորը գիտեն, թե ինչ խոչընդոտներ են հաղթահարվել և ինչերի միջով են անցել։ Անահիտը երեխաների հետ դրամահավաք է կազմակերպել և 3,1 մլն դրամ (ավելի քան 7,5 հազար դոլար) հավաքել տարբեր մարդկանցից և կազմակերպություններից, բայց պարզվել է, որ գումար հավաքելն ամենադժվար գործը չէ. լուրջ է հատակի խնդիրը։
Մարզասրահի հատակը վերանորոգումից առաջ
© Sputnik / Asatur Yesayants
Շինարարական ընկերության տնօրենը Անահիտին հեղուկ հատակ էր խոստացել. դա ամենամեծ նվիրատվությունն էր։ Բայց ավելի ուշ պարզվել է, որ նախ պետք է հանել հինը, մշակել հիմքը և միայն դրանից հետո նոր հատակ սարքել։ Հենց դա էլ հաշվի չէին առել նախահաշիվը կազմելիս, իսկ գումարը փոքր չէր՝ 750 հազար դրամ (գրեթե 2 հազար դոլար)։
...Անահիտը խնդրի մասին իմացավ իր ծննդյան նախաշեմին, նստեց փտած հատակին ու սոցիալական ցանցում ընկերների համար տեսանյութ հրապարակեց՝ խնդրելով իրեն ոչ թե կոնֆետ ու ծաղիկ նվիրել, այլ 14 խորանարդ մետր բետոն` «բետոնափունջ»։
«Պարզապես այլ տարբերակ չունեի։ Երբեք չեմ մոռանա հորս աչքերը, որը տեսնելով, թե ինչ բեռ եմ վերցրել ինձ վրա ու ինչ անօգնական վիճակում եմ հայտնվել, գժվել էր», - հիշում է նա։
Գումարը հավաքվեց, բայց... հին հատակը ստիպված պիտի ապամոնտաժեին փոքր թիմով, մարդիկ քիչ էին, իսկ շինարարական աղբը` չափազանց շատ: Հետո չէին կարողանում գտնել շինարարների, որ հիմքը «գցեին», իսկ Անահիտի համախոհները՝ դպրոցի տնօրեն Մարիետա Գրիգորյանն ու ֆիզկուլտուրայի ուսուցիչ Գոհար Գևորգյանն այդ շրջանում հիվանդացել էին և չէին կարողանում օգնել։ Քիչ էր մնում` Անահիտը հրաժարվեր իր նախաձեռնությունից, բայց նրա գլխում նորից հնչեց այն երաժշտությունը, որը լսում են միայն նրանք, ովքեր հավատում են իրենց նպատակին։ Նա հավաքվեց, «շորիկ» հագավ և գյուղ գնաց, որտեղ նրան առաջին իսկ օրվանից «շորիկով աղջիկ» էին կոչել, բայց վերջին ամիսներին միայն աշխատանքային հագուստով էին տեսել։
«Շորիկով աղջկա» և նրա օգնականների համատեղ ջանքերով մարզասրահի հատակն այնուամենայնիվ վերանորոգվեց։
Վերանորոգումից առաջ և հետո
© Sputnik / Asatur Yesayants
«Երբ հատակը պատրաստ էր, հանեցի կոշիկներս, բոբիկ կանգնեցի վրան ու միայն այդ ժամանակ զգացի, որ հաջողվել է հաղթահարել բոլոր դժվարությունները։ Երբեմն նույնիսկ «շփվում» եմ հատակի հետ, ասում եմ՝ բարև, մենք դա արեցինք», - ասում է նա։
Անահիտի հետ նույն դժվարությունների միջով է անցել նաև դպրոցի աշակերտներից Նարեկը։ Նա մասնակցել է աշխատանքների մեծ մասին, բայց հենց հին հատակի ապամոնտաժումն է ամենից շատ տպավորել նրան։ Տղան վստահ է, որ այս դժվարությունները համախմբել են իրենց թիմին, հիմա ինքն ու Անահիտը հաստատ ընկերներ են, թեև նրանց միջև ջերմ հարաբերությունները ծագել էին ծանոթության առաջին իսկ օրվանից: Նա անվերապահորեն հավատացել է Անահիտին և թիմային աշխատանքի հաջողությանը։ Նարեկը նախկինում ևս բազմիցս տեսել է թիմային աշխատանքի դրական արդյունքները Քաշաթաղի շրջանում, որտեղ ապրել է 44-օրյա պատերազմից առաջ։ Այնտեղ շատ բան է կառուցվել նվիրատվությունների և տեղի բնակիչների ուժերով։
«Օգնել ենք, ինչով կարողացել ենք։ Սոցցանցերի միջոցով տեղեկություն ենք տարածել, մրցույթների ենք մասնակցել, փորձել ենք առավելագույն թվով մարդկանց ներգրավել մեր գործում», - ասում է Նարեկը։
Ի դեպ, դպրոցական մարզադահլիճը վերականգնելու գործին մասնակցել են ոչ միայն աշակերտները, այլև ուսուցիչները: Ֆիզկուլտուրայի ուսուցչուհի Գևորգյանը, որը օգնության համար դիմել էր Անահիտին, իր ձեռքով է ներկել պատերը։ Ու հիմա ամեն անգամ, երբ անցնում է այդ պատերի կողքով, հիշում է իր ապրումները և համոզվում, որ ճիշտ մարդու է դիմել։ Նա վստահեցնում է, որ վերանորոգումը փոխել է գյուղի մթնոլորտը, երեխաների մտածելակերպը, հիմա նրանք գիտեն, որ կամավորությունը շատ կարևոր է ու պետք չէ վախենալ ոչ մի աշխատանքից: Իսկ Գևորգյանն ինքը փոխել է ծրագրերը և որոշել է հետաձգել թոշակի անցնելը։
Գոհար Գևորգյանը
© Sputnik / Asatur Yesayants
«Ես նոր երազանք ունեմ՝ ուզում եմ, որ իմ աշակերտները չեմպիոն դառնան։ Վատ չէր լինի, եթե մեզ անհրաժեշտ մարզական գույքով ապահովեին», - նշում է նա։
Դպրոցի տնօրեն Մարիետա Գրիգորյանը նույնպես նոր նպատակներ ունի։ Նա խոստանում է ամեն ինչ անել նոր սպորտային սարքավորումներ ձեռք բերելու, էլեկտրական լարերը փոխելու և դպրոցում կոսմետիկ վերանորոգում անելու համար։ Գրիգորյանը չի թաքցնում, որ տպավորված է թիմային աշխատանքի արդյունքներից և պատրաստ է ևս մի քանի բարդ նախագիծ իրականացնել՝ կրկին Անահիտի ուշադիր վերահսկողության տակ։
«Իսկապես շատ բան է փոխվել։ Գյուղացիները, որոնց երեխաները հարևան գյուղերի դպրոցներ են գնում, որոշել են նոր ուսումնական տարում երեխաներին հետ բերել մեզ մոտ։ Դա իսկապես կարևոր է մեզ և ամբողջ գյուղի համար», - ասում է նա։
Մարիետա Գրիգորյանը
© Sputnik / Asatur Yesayants
Անահիտը, որպես համաձայնության նշան, գլխով է անում և սոցցանցում ընդունում մեկ այլ գյուղի դպրոցի «դռուժիծ»–ը։ Թեև նա որոշել է այս նախագծից հետո մի փոքր արձակուրդ վերցնել, բայց մեզ ինչ-որ բան հուշում է, որ «Արի գյուղ, գյուղում կյանք կա» նախաձեռնության հաջողության պատմությունները շարունակվելու են։
Անահիտը հետևում է երեխաների խաղին
© Sputnik / Asatur Yesayants
Արարատի մարզի Աբովյան գյուղի դպրոցի մարզադահլիճի վերանորոգումը «Արի գյուղ, գյուղում կյանք կա» նախաձեռնության երկրորդ նախագիծն է, որի նպատակն է բազմաթիվ մարդկանց համախմբելու միջոցով ծրագրեր իրականացնել գյուղերում և օգնել տեղի բնակիչներին։ Այս գաղափարի հեղինակ Անահիտ Գևորգյանը նախագծերն անվճար է իրականացնում։