«Վաճառքի ենթակա չէ». ամենափնտրված գրքերի հեղինակը պատմել է իր հերոսների և վեպերի մասին

Աշոտ Աղաբաբյանը Sputnik Արմենիայում
Մեր ժամանակների ամենափնտրված գրքերի հեղինակ Աշոտ Աղաբաբյանը Sputnik Արմենիային պատմել է, որ սկսել է նոր վեպ գրել, որն ընդգրկում է Ղարաբաղյան 3 պատերազմները։ Դա ոչ թե 3 պատերազմների վերլուծությունն է, այլ ամենագաղտնի խմբավորման մասին, որը գործել է 3 պատերազմներում էլ։
Sputnik
Պարզվում է` ինտերնետի և զանազան գաջեթների դարաշրջանում մարդկանց զգալի մասը նախընտրում է կարդալ իրական, տպագիր գրքեր։ Գիրք նվիրելու օրվա առթիվ Sputnik Արմենիան զրուցել է գրող, հրապարակախոս, լրագրող, մեր ժամանակների ամենափնտրված «Ռեզիդենտ», «Մենակը», «Թակարդ», «Արտերը սպասում են հնձվորի», «Վերջին անգամ ենք ապրում», «Գաղտնիքների տիրակալը», «Գաղութ» գրքերի հեղինակի՝ Աշոտ Աղաբաբյանի հետ։
-Պարոն Աղաբաբյան, կարծում եք` ժամանակակից տեխնոլոգիաները չե՞ն մրցում տպագիր գրքի հետ, և միշտ կլինեն մարդիկ, ովքեր կնախընտրեն զգալ գիրքը ձեռքերում։
-Ես ոչ թե կարծում եմ, այլ փաստերից ելնելով ասում եմ, որ հազարավոր ընթերցողներ կան մեր մեջ, ովքեր նախընտրում են գիրքը։ Չնայած սոցիալական բարդ պայմաններին` մարդիկ գնում են գրքեր։ Նրանք կազմում են մեծ բանակ ու վերջին տարիներին ավելացել են։
-Իսկ երեխաների շրջանո՞ւմ, չէ որ նրանք շատ են «կպած» հեռախոսներին, պլանշետներին, համակարգիչներին։
-Առհասարակ, ընթերցողների շրջանակը երիտասարդացել է։ Վերջերս հրավիրված էի «Իրական դպրոց» (նշեմ, որ մի շարք դպրոցներում, այդ թվում նշվածում, իմ գրականությունը պարտադիր է)։ Բարձր դասարանցիները կարդացել էին իմ 5 վեպերն, ու 120 երեխա ինձ ուղղակի «քրքրեց» հարցերով։ Հզոր սերունդ է աճում։ Առաջին 3 վեպերից հետո գրախանութներին խնդրել էի, որ իրենց մոտ նշեն` ի՞նչ տարիքի մարդիկ են գնում գրքերս, մտածում էի՝ միջին և բարձր տարիքի։ Ասացին՝ երիտասարդությունն է «թռցնում»։ Այդ ժամանակից էլ բոլոր նոր գրքերս սկսեցին 3 հազար օրինակից տպագրել և հաճախ 6 ամիս անց նույն քանակով վերահրատարակել։
-Ինչո՞վ կբացատրեք հասարակության հետաքրքրությունը հետախուզության, հատուկ ծառայությունների գործունեության հանդեպ, որոնց մասին Դուք հաճախ գրում եք։
-Կարծում եմ` խնդիրը միայն նշված թեման չէ։ Օրինակ` գրել եմ «Վերջին անգամ ենք ապրում» վեպը` լեգենդար ծանրորդ Սերգո Համբարձումյանի մասին, ի դեպ, այդ գրքի վաճառքի ցուցանիշի արդյունքում արժանացա «Տարվա լավագույն հայ հեղինակ – 2022» տիտղոսին։ Սերգո Համբարձումյանը, ինչպես նաև «Մենակը» գրքի հերոս Գրիգոր Գյուրզադյանը գաղտնի ծառայությունների հետ կապ չունեին։ Խնդիրն այն է, որ այդ մասին գրվում է առաջին անգամ,այդ մարդկանց մասին արգելված է եղել խոսել։ Բացի այդ, ես ընտրում եմ հերոսների, ում տեսակը մեզ պետք է այսօր։Գեղարվեստական ոճին զուգահեռ վեպերը պարունակում են հսկայական ինֆորմացիա, ինչն ընթերցողներին գրավում է։
-Պատերազմը բացահայտեց բազմաթիվ խնդիրներ, այդ թվում հետախուզության մեջ: Բայց կան հերոսական օրինակներ, նրանց տեսակը խիստ պակասում է մեր օրերում։
-Իհարկե, վերջին ողբերգությունից հետո թվում էր` հետաքրքրությունը գրքի հանդեպ կորելու է։ Բայց զարմանալիորեն պատերազմի թեմայով իմ վեպերը ստիպված եղան արագ վերահրատարակել՝ «Թակարդը»՝ Արցախյան պատերազմի և «Գաղտնիքների տիրակալը»՝ հետախույզի մասին։ Հիմա սկսել եմ նոր վեպ, որն առաջին անգամ մեր օրերի մասին է և ընդգրկում է Ղարաբաղյան 3 պատերազմները։ Դա ոչ թե 3 պատերազմների վերլուծություն է, այլև ամենագաղտնի խմբավորման մասին է, որը գործել է 3 պատերազմներում էլ, բայց նրա մասին չգիտեն։
-Իսկ վաղեմության ժամկետի գործո՞նը։
-Իհարկե, կա այդ խնդիրը, մանավանդ, որ այն դեռ գործող խմբավորում է։
-Անուններն ուրեմն փոխված են։
-Իհարկե, բայց կարևորը` ինչու եմ այդ գիրքը գրում։ Ես այդ գրքով ուզում եմ բոլորիս ասել՝ նախկին իշխանությանը, ներկա իշխանությանը, որ մեր նման երկրում՝ Հայաստան, Արցախ, խաղաղությունը միայն մի բանի համար է տրվում՝ նոր պատերազմին պատրաստվելու։ Եթե մենք դա հասկանանք ու պատրաստվենք, պատերազմ չի լինի։ Շատ հարցեր, որոնք հնչում են օդում, հանրահավաքներում, դրանց պատասխաններն այս գրքում կան, ինչպես նաև հարցեր, որ մինչ այդ չեն հնչել։ Դրանք շատերին դուր չեն գա, նեղացողներ կլինեն։ Իսկ թե ինչո՞ւ այսպես եղավ, պատասխանը տալիս եմ ոչ թե ես, այլ իրական գործող պրոֆեսիոնալ մարդիկ։
-Մի առիթով ասել եք, որ նյութի 90% -ը փաստավավերագրական է։ Ո՞րն է գրողի անելիքը մնացած 10 տոկոսի մեջ։
-Ոչ մի արխիվային նյութ չես կարող դարձնել վեպի թեմա։ Ընդամենը տարեթվեր են ու մի երկչոտ երկտող։ Դեռ պետք է այդ փաստերը համադրես։ Ես միշտ կարդում եմ այնպիսի արխիվներ, որոնք թույլատրելի են, անթույլատրելին ինձ հասու չէ։ Բայց այն, ինչ տեսնում եմ, այդ մասին առաջին անգամ է գրվում։ «Գաղտնիքների տիրակալը» վեպի համար 31 գիրք եմ ընթերցել, որոնցից 9-ի հետևում գրված էր՝ «Продаже не подлежит» («Վաճառքի ենթակա չէ»)։ Դրանք կոնֆիդենցիալ շրջաբերականի պես տպագրող գրքեր են եղել, բայց այնտեղ այնպիսի փաստեր կան, որ քեզ օգնում են։ Ինչ մնում է այդ 10 տոկոսին, պետք է միս ու արյուն տաս, կերպար տաս ու ներկայացնես վեպի տեսքով։ Այն ամբողջությամբ ստեղծագործական գործընթաց է, բայց կոնկրետ դեպքերն իրական են։
-Աշխարհահռչակ դեմքերի երկխոսությունները նույնպես իրակա՞ն են։
-Այո։ Օրինակ` Չերչիլի և Ստալինի Թեհրանում հանդիպման միջանցքի զրույցը ոչ մի պրոտոկոլում չկա։ Բայց իրական է։ Ինչպե՞ս եմ ես գրել, եթե ոչ մի տեղ չկա։ Նույնը Շառլ դը Գոլի հանդիպումը Մոսկվայում. եղել է միայն թարգմանչի ներկայությամբ առանձնազրույց, որը ոչ մի տեղ չի ֆիքսվել։ Ասում եմ՝ Չերչիլն էլ, դե Գոլն էլ անձամբ ինձ են ասել։ Հարցնում են՝ կատակո՞ւմ եք, ասում եմ՝ ո՛չ։ Չերչիլը գրել է «Երկրորդ համաշխարհային պատերազմը» հնգհատորյակը։ Դա գրել է այն ժամանակ, երբ Ստալինը ողջ էր, նա չէր ստի։
Ուրեմն, ումի՞ց եմ ես լսել՝ «անձամբ» Չերչիլից։ Նույնը և Շառլ դե Գոլի «Военные мемуары» հաստափոր երկահոտրյակում մանրամասն ներկայացվում է` ինչ են խոսել պրոտոկոլից դուրս։ Այնպես որ, երկխոսությունները չեմ հորինել, դա արխիվից օգտվելու և ճշմարտությանն առավել մոտենալու հմտություն է։
-Նշեցիք, որ տվյալ ոլորտում կան գրքեր, որոնց վրա նշված է՝ «Վաճառքի ենթակա չէ»։ Դուք նման գրքեր գրե՞լ եք։
-Ունեի մեկը, երկուշաբթի օրը կդառնա երկու (ծիծաղում է)։
-Չե՞ք ափսոսում, որ գիրքը, որի վրա տքնաջան աշխատել եք, հասանելի չի դառնա ընթերցասերների լայն զանգվածին։
-Ոչինչ, շուտով, հավանաբար մայիսին, հասանելի կլինի իմ նոր վեպը՝ աշխատանքային վերնագիրն է «Սև հովազ», այն հասանելի կլինի բոլորին։
-Դա այն գիրքն է, որի մասին ասացիք՝ նեղացողներ կլինեն։
-Մեղմ ասած` «նեղացողներ», նեղացնողներ էլ կլինեն (ծիծաղում է):
-Հայտնի մի կատակ կա՝ «Գրողը գրել է այնպիսի հիանալի դետեկտիվ, որ ինքը սկսել է վերընթերցել այն պարզելու համար, թե ով է մարդասպանը»։ Այդ նույն 10 տոկոսի մեջ ինչ-որ բան հորինո՞ւմ եք, թե՞ ժանրի կանոններից ելնելով` դա չի թույլատրվում։
-Յուրաքանչյուր վեպ սկսելիս՝ չգիտեմ ինչպես է այն ավարտվելու։
-Բայց չէ՞ որ հիմնվում եք իրական փաստերի վրա։
-Այո, բայց մեծ է նաև գրողի ներգործությունը գործողությունների և գործող անձանց վրա։ Դա քո տիրույթն է։ Օրինակ` կա «История российской разведки» («Ռուսական հետախուզության պատմությունը») վեցհատորյա հանրագիտարան, որտեղ մի քանի դրվագներում ասում է՝ Իվան Աղայանցն արեց այսինչ գործողությունը, բայց մինչև հիմա անհայտ է` ինչպես։ Մի այլ տեղ էլ ասում է՝ այդպես էլ անհայտ մնաց` ով էր այն մարդը որ․․․․և այլն։ Այսինքն` մեծ հանձնախմբով ուսումնասիրված արխիվային այդ վեցհատորյակում բավականին հարցականներ կան։
Երբ սկսեցի Աղայանց ուսումնասիրել, չորս հարցի պատասխան գտա, որը իրենք չէին տալիս։ Դա նաև բարդ ստեղծագործական ուղի է։ Շատերին թվում է, որ ես շատ հեշտ ու արագ եմ գրում, բայց երբեմն միայն ուսումնասիրությունները 7-8 ամիս են տևում, և սկսում եմ գրել միայն այն ժամանակ, երբ առաջին նախադասությունից մինչև վերջինը ուղեղումս է։ Ինձ մոտ էլ են շատ հարցեր ծագում։ Պատասխանները գտնում ես կամ չես գտնում։ Վարկածներն էլ մեկից ավելի են լինում, և դու քո գրողի բնազդով գտնում ես ամենաիրականը։
-Այսօր հետախուզության բնագավառում տեղի են ունենում բարեփոխումներ։ Որպես գրող և լրագրող ինչպե՞ս եք գնահատում։
-Երբեք չեմ առնչվել հատուկ ծառայությունների հետ և չգիտեմ` ինչ բարեփոխումների մասին է խոսքը։ Շատերին թվում է, թե ամեն ինչ գիտեմ։ Իհարկե չգիտեմ, բայց գիտեմ ինչը չկա, որ պարտադիր է, որ լինի։ Այս նոր վեպը դրա մասին է։ Կան բաներ, որոնք ես լուրջ բարձրացրել եմ այդ գրքի մեջ, որ հնչեցնում եմ վեպի հերոսների բերանով․ երբ դու գործակալական ցանց չունես, դու հետախուզություն էլ չունես։ Այսօր մատների վրա կարելի հաշվել նեղ մասնագետների, բայց նրանք օղակից դուրս են։ Մի գեներալ ինձ մի օր հարցրեց՝ իշխանությունը գրքերդ կարդո՞ւմ է, այստեղ պարզ գրված է՝ ինչ է պետք հաղթելու համար։ Ասում եմ՝ ես գրում եմ, որ կարդան։
-Հետախույզ Գևորգ և ԳոհարՎարդանյան ամուսինները կդառնա՞ն Ձեր ապագա հերոսները։
-«Գաղտնիքների տիրակալը» գրքում Իվան Աղայանցի հետ Վարդանյան ամուսիներն են մինչև 46 թվականը։ Երբ նրանք գալիս էին Երևան, մենք հաճախակի հանդիպում էինք, մինչև 2012 թիվը՝ Գևորգ Վարդանյանի մահանալը։ Մի օր ասացի` ուզում եմ գրել Աղայանցի մասին, նրանք զգաստացան, ասացին, իսկ դու գիտե՞ս` նա ով է, նա է մեզ տարել հետախուզության Թեհրան, երբ մենք ընդամենը 16, 19 տարեկան էինք, մենք 6 տարի աշխատել Աղայանցի ձեռքի տակ։ Ի դեպ, Գոհար Լևոնովնան չէր հավանում «Թեհրան 43» ֆիլմը, ասում էր՝ այդ ինչ է, անընդհատ կրակում են։ Աղայանցն էլ ասում էր՝ եթե հետախույզը ձեռքը տարավ ատրճանակին, ուրեմն ձախողվել է։
Գրքի վերնագիրը Գևորգ Անդրեյևիչն է դրել` «Պետական գաղտնիքների տիրակալը», հետագայում «պետական» բառը դուրս եկավ։ Գևորգ Վարդանյանն ասում էր՝ եթե մի օր գրվի մեր մասին՝ կուզեմ` դու գրես, բայց հիմա չի կարելի։ Հարցրեցի՝ բա ե՞րբ, ասաց՝ 120 տարի հետո։ Երբ Գևորգ Վարդանյանը մահացավ, Պուտինը խոնարհվեց Գոհար Լևոնովնայի առջև․․․դա Ռուսաստանն էր խոնարհվում նրանց մատուցած ծառայության առջև։ Հետո Գոհար Վարդանյանին Նարիշկինը այցելեց և մեկ ժամ զրույց ունեցան, ամեն մեկի մոտ, իհարկե, չեն գնում։
-Ասում եք՝ «բոլորն էլ մենակ են, մենակ չեն միայն նրանք, ովքեր դա չեն գիտակցում։ Ունեք ընթերցողների հսկա բանակ, անգամ այլ լեզուներով, պահանջված եք, ընթերցված։ Դուք Ձեզ մենա՞կ եք զգում։
-Դա իմ մտածելակերպն է։ Մարդը միշտ էլ մենակ է։ Ու որպեսզի մենակ չլինի՝ գիրք է գրում։