ԵՐԵՎԱՆ, 19 փետրվարի – Sputnik. Վարդենիսի նյարդահոգեբանական տուն–ինտերնատը, որտեղ այս պահին խնամք է ստանում շուրջ 450 շահառու, շարունակում է իր բնականոն գործունեությունը։ Նման պարզաբանում է տարածել աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը` անդրադառնալով վերջերս մեծ աղմուկ բարձրացրած դեպքին։
Ոստիկանությունը փետրվարի 17-ին հայտնել էր, որ Վարդենիսի նյարդահոգեբանական տուն-ինտերնատի տնօրենը և մի խումբ աշխատակիցներ ձերբակալվել են։ Նշվում էր, որ տնօրենը ստիպել է հիվանդներից մեկին մաքրել իր խոզանոցը, հիվանդներին խոշտանգել է, իսկ հիվանդասենյակում, ջեռուցման մարտկոցից մետաղյա շղթայով կապված, հայտնաբերվել է հիվանդներից մեկը:
«Խնամք ստացող բնակիչներին անհրաժեշտ ծառայությունների մատուցումն իրականացվում է անխոչընդոտ։ Աշխատակիցները շարունակում են իրականացնել իրենց պարտականությունները՝ օրենքով սահմանված կարգով։ Նախարարությունը կշարունակի համագործակցել իրավապահների հետ՝ գործի հանգամանքները լիարժեք բացահայտելու ուղղությամբ»,–ասված է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հաղորդագրության մեջ։
Միաժամանակ նշվում է, որ որոշ աշխատակիցներ մասնակցում են նաև ՊՈԱԿ-ի տնօրենի և գործընկերների ձերբակալման դեմ բողոքի ակցիաներին՝ ոչ իրենց հերթապահության օրերին կամ ոչ աշխատանքային ժամերին։
Հիշեցնենք, որ տուն-ինտերնատի տասնյակ աշխատակիցներ փետրվարի 18-ին բողոքի ակցիա են անցկացրել Վարդենիսի ոստիկանական բաժանմունքի դիմաց։ Ինտերնատի աշխատակիցները պահանջում են հիմնավոր բացատրություններ առաջադրված մեղադրանքների վերաբերյալ։