ԵՐԵՎԱՆ, 19 փետրվարի – Sputnik. Ուկրաինան եվրոպական ընտանիքի անդամ է, սակայն Եվրամիությանն անդամակցությունը չի կարող մի օրում լինել, Մյունխենի անվտանգության համաժողովում հայտարարել է Եվրամիության դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը։ Տեղեկությունը փոխանցում է ՌԻԱ Նովոստին։
«Ուկրաինան եվրոպական ընտանիքի անդամ է։ Նրա ապագան Եվրամիությունում է», - ասել է Բորելը:
Նրա խոսքով՝ եվրոպական առաջնորդներն արդեն նշել են, որ Ուկրաինան ու Մոլդովան, իսկ ավելի ուշ Վրաստանը Եվրամիության անդամներ կլինեն, բայց գործընթացը բաց է:
«Սակայն մի սպասեք, որ դա կարվի մեկ օրվա ընթացքում, առանց որոշ պահանջների կատարման», - նախազգուշացրել է եվրոպական դիվանագիտության ղեկավարը:
Եվրամիությունն անցյալ տարի Ուկրաինային ու Մոլդովային ԵՄ-ին անդամակցելու թեկնածուների կարգավիճակ է շնորհել։ Թեկնածուի կարգավիճակը ԵՄ-ին անդամակցելու բավական երկար ճանապարհի սկիզբն է միայն։ Հյուսիսային Մակեդոնիան թեկնածուի կարգավիճակում է 2005 -ից, Չեռնոգորիան՝ 2010-ից, իսկ Սերբիան՝ 2012 - ից։ Վերջինը ԵՄ-ին անդամակցել է Խորվաթիան, դա տեղի է ունեցել 2013 թվականին, գործընթացը տասը տարի է տևել։