Լիցքավորման ժամանակ պայթել է «GAZ-3110» մեքենայի գազի բալոնը. նոր մանրամասներ

Երևան-Գյումրի ավտոճանապարհին գտնվող գազալցակայանում տեղի ունեցած պայթյունի հետևանքները
Հիվանդանոց տեղափոխված 4 անձանց վիճակը բժիշկները գնահատել են բավարար։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 19 փետրվարի – Sputnik. Երևան-Գյումրի ավտոճանապարհին գտնվող գազալցակայանում լիցքավորման ժամանակ պայթել է «GAZ-3110» մակնիշի ավտոմեքենայի գազի բալոնը։ ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը մանրամասներ է հայտնել տեղի ունեցած պայթյունից։
Հայտնել էինք, որ այսօր Երևան-Գյումրի ավտոճանապարհին՝ Կաթնաղբյուր գյուղի մոտակայքում գտնվող գազալցակայանում, տեղի է ունեցել գազի բալոնի պայթյուն, որի հետևանքով 3 մարդ է հոսպիտալացվել։
Երևան-Գյումրի ավտոճանապարհին գտնվող գազալցակայանում տեղի ունեցած պայթյունի հետևանքները
«Երևան-Գյումրի ավտոճանապարհի 65-րդ կմ-ին՝ «Սափեյան եղբայրներ» ՍՊԸ-ին պատկանող գազալցակայանում լիցքավորման ժամանակ պայթել է «GAZ-3110» մակնիշի ավտոմեքենայի (վարորդ՝ Գ. Շ., ծնված 1978 թ․) գազի բալոնը։ Վնասվել են մոտակայքում կայանած BMW և «Mercedes-Benz» (վարորդ՝ Հ. Խ.) մակնիշների ավտոմեքենաները»,–ասված է հաղորդագրության մեՋ։
Նշվում է նաև, որ պայթյունի հետևանքով մարմնական վնասվածքներ են ստացել վարորդներ Գ. Շ.-ն, Հ. Խ.-ն և գազալցակայանի աշխատակից Պ. Մ.-ն (ծնված 1992 թ․), իսկ «GAZ-3110» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր Ա. Մ.-ի (ծնված 1978 թ․) ինքնազգացողությունը վատացել է։ Վերջիններս հոսպիտալացվել են Թալին քաղաքի ԲԿ, որտեղ բժիշկները նրանց առողջական վիճակը գնահատել են բավարար։