Ղրիմում ամռանը նախատեսվում է վերաբացել Այվազովսկու պատկերասրահը

Այվազովսկու պատկերասրահը Ղրիմում. Արխիվային լուսանկար
Պատկերասրահն ունի աշխարհահռչակ նկարչի գեղանկարչական և գրաֆիկական աշխատանքների ամենամեծ հավաքածուն՝ ավելի քան չորս հարյուր նմուշ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 19 փետ-Sputnik. Հովհաննես Այվազովսկու Թեոդոսիայի պատկերասրահի տնօրեն Տատյանա Գայդուկը հույս ունի, որ թանգարանը վերանորոգման և վերականգնման աշխատանքներից հետո կկարողանա 2023 թվականի ամռանն այցելուներ ընդունել: Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին։
Թեոդոսիայի Այվազովսկու պատկերասրահը այցելուների համար փակվել էր 2021 թվականի մարտի 16-ից՝ գլխավոր մասնաշենքում վերանորոգման և վերականգնման աշխատանքների առաջին փուլի մեկնարկի համար։ Աշխատանքները նախատեսվում էր ավարտել 2022 թվականի սեպտեմբերին։ Գլխավոր մասնաշենքում աշխատանքների ավարտից հետո վերականգնումը կշարունակվի երկրորդ մասնաշենքում՝ Այվազովսկու քրոջ տանը։
Գայդուկը նշել է, որ շատ բան արդեն արվել է։ Ճիշտ է, կապիտալ վերանորոգման ընթացքում նախագծի ավարտի ժամկետները փոխվում են։
«Չնայած նախագծով պատկերասրահն ունի պատերի խոնավությունից պաշտպանության չորս մակարդակ, բայց այստեղ ստորգետնյա ջրերը շատ բարձր են։ Հիմա այդ խնդիրը հնարավորինս վերացվում է։ Այդ պատճառով ժամկետները երկարաձգվում են, բայց մեզ խոստանում են, որ ապրիլի վերջին շենքը կհանձնեն։ Մենք երկու ամիս կունենանք հավաքածուն նոր շենք տեղափոխելու և ցուցադրություն պատրաստելու համար։ Եվ այդ ժամանակ ամռանը մենք արդեն կբացվենք», - պարզաբանել է նա:
Թեոդոսիայի պատկերասրահը Ռուսաստանի ամենահին թանգարաններից է և երկրի հարավում առաջին հանրային պատկերասրահը: Այնտեղ է գտնվում Այվազովսկու գեղանկարչական և գրաֆիկական աշխատանքների ամենամեծ հավաքածուն՝ ավելի քան չորս հարյուր նմուշ, ներառյալ տեղեկատու աշխատանքների ամենամեծ զանգվածը: Բացի այդ, հաստատության հավաքածուում ներկայացված են զգալի թվով աշխատանքներ, որոնք ստեղծվել են Հովհաննես Այվազովսկու նախկին աշակերտների կամ ստեղծագործության մեջ իրեն մոտ գտնվող վարպետների կողմից։ Ներկայացված են նաև խորհրդային ժամանակների վարպետների կտավները։