Բլինկենը խոսել է Լաչինի միջանցքի բացման անհրաժեշտության մասին. Պետդեպ

Ամերիկյան դիվանագիտության ղեկավարը նշել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի գործընթացում առաջընթաց կա։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 19 փետրվարի – Sputnik. ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը երեկ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ բանակցությունների ժամանակ մատնանշել է Լաչինի միջանցքով ազատ տեղաշարժի անհրաժեշտությունը: Տեղեկությունը նշված է ԱՄՆ Պետդեպարտամենտի ներկայացուցիչ Նեդ Փրայսի հայտարարության մեջ․ այն հրապարակվել է գերատեսչության կայքում։
Նշվում է, որ ԱՄՆ պետքարտուղարն առաջընթաց է արձանագրել երկու երկրների միջև խաղաղ համաձայնագրի ճանապարհին:
«Նա ընդգծել է այն զգալի առաջընթացը, որը կողմերը ձեռք են բերել վերջին մի քանի ամիսների ընթացքում խաղաղ համաձայնագրի ճանապարհին, և ուշադրություն է դարձրել Բրյուսելում կողմերին ընդունելու Եվրախորհրդի նախագահ Շառլ Միշելի առաջարկին։ Զրույցի ընթացքում պետքարտուղարն ընդգծել է Լաչինի միջանցքով ազատ և բաց կոմերցիոն ու մասնավոր տարանցման անհրաժեշտությունը», - նշված է հայտարարության մեջ:
Բլինկենը նաև կոչ է արել կողմերին այլ տրանսպորտային երթուղիներ բացել:
Հիշեցնենք, որ փետրվարի 18-ին Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի մասնակցությամբ եռակողմ հանդիպում է տեղի ունեցել։
Հայաստանն ու Ադրբեջանը խաղաղության հասնելու պատմական շանս ունեն. Բլինկեն