Արցախի` գազով ջեռուցվող ուսումնական հաստատություններում դասընթացը կվերականգնվի

Դպրոց. Արխիվային լուսանկար
Ուսումնական հաստատություններում դասընթացը կասեցվել էր Ադրբեջանի կողմից Հայաստանից դեպի Արցախ գազամատակարարման խափանման պատճառով։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 19 փետրվարի – Sputnik. Արցախի` գազով ջեռուցվող դպրոցների 1-8-րդ դասարաններում փետրվարի 20-ից դասընթացը վերականգնվի, տեղեկանում ենք Արցախի տեղեկատվական շտաբից։
Հայտնել էինք, որ փետրվարի 7-ից ժամանակավորապես դադարեցվել էին գազով ջեռուցվող մի շարք ուսումնական հաստատությունների դասընթացը` Ադրբեջանի կողմից Հայաստանից դեպի Արցախ գազամատակարարման խափանման պատճառով։
«Փետրվարի 20-ից կվերսկսվի գազով ջեռուցվող հանրակրթական դպրոցների նախադպրոցական խմբերի և 1-8-րդ դասարանների, արտադպրոցական (երաժշտական և արվեստի դպրոցներ, մանկապատանեկան ստեղծագործական կենտրոններ) ու նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների դասագործընթացը»,–ասված է հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք` դեկտեմբերի 12-ի առավոտյան Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին։
Դեկտեմբերի 13-ից սկսած` ադրբեջանական կողմը ժամանակ առ ժամանակ անջատում է Արցախի գազամատակարարումը։
Հունվարի 9-ից ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող տարածքից անջատվել է նաև Հայաստանից դեպի Արցախ էներգասնուցումը: Ադրբեջանական կողմը հնարավորություն չի տալիս, որ մասնագետները մոտենան և հասկանան պատճառները՝ անհրաժեշտության դեպքում վթարավերականգնողական աշխատանքներ իրականացնելու համար: Արցախում էլենտրաէներգիայի մատակարարումն իրականացվում է հովհարային անջատումներով։
Լաչինի միջանցքը շարունակում է փակ մնալ։