Թուրքիայի հետ հումանիտար կապը կարող է նպաստել քաղաքական երկխոսության բարելավմանը. Փաշինյան

ՀՀ վարչապետը նշել է, որ այժմ հնարավորություն է ընձեռվել Հայաստանի և Թուրքիայի միջև կոնկրետ քաղաքական լուծումների գնալ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 18 փետրվարի - Sputnik. Թուրքիայի հետ հումանիտար երկխոսությունը կարող է նպաստել քաղաքական երկխոսության բարելավմանը։ Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում կայացած պանելային քննարկման ժամանակ այս մասին հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Եթե այդ քայլը քաղաքական արդյունքներ ունենա, լավ կլինի։ Բայց մենք առաջնորդվել ենք միայն մարդասիրական դրդապատճառներով և պատրաստ ենք մեր ուժերի ներածին չափով ցանկացած օգնություն ցուցաբերել, քանի որ մեր հարևանությամբ միլիոնավոր մարդիկ են տուժել»-ասել է նա։

Վարչապետը նշել է, որ երկրաշարժից առաջ Հայաստանն ու Թուրքիան քաղաքական երկխոսություն ունեին հատուկ ներկայացուցիչների միջոցով, այժմ հնարավորություն է ընձեռվել կոնկրետ քաղաքական լուծումների գնալ։
«Հայաստանը պատրաստ է առաջ գնալ, դիվանագիտական հարաբերություններ հաստատել Թուրքիայի հետ։ Հայ-թուրքական սահմանի բացումը դրական քայլ կլինի ոչ միայն տարածաշրջանային, այլև միջազգային իրավիճակի համատեքստում»,–ասել է նա։
Հիշեցնենք` փետրվարի 6–ին` ժամը 05.17–ին, Թուրքիայի Ղահրամանմարաշ գավառում երկրաշարժ է տեղի ունեցել, որն ավերածությունների է հանգեցրել մի շարք քաղաքներում։ Երևանի ժամանակով 14։24-ին և 14։36-ին ևս 2 ուժգին երկրաշարժ է գրանցվել։ Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 10-11 բալ: Թուրքիայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 40 հազարի։
Հայաստանը փետրվարի 8-ին 27 փրկարար էր ուղարկել Թուրքիայի աղետի գոտի, իսկ փետրվարի 11-ին և 15-ին` մարդասիրական օգնություն։
Հավելենք, որ նույն երկրաշարժը զոհերի ու ավերածությունների պատճառ է դարձել նաև Սիրիայում։ Այս պահին հայտնի է 8500-ից ավելի զոհերի մասին։