ԵՐԵՎԱՆ, 18 փետրվարի – Sputnik. Թուրքիայի Հաթայ նահանգում ավերիչ երկրաշարժից 296 ժամ անց 2 մարդու են փրկել։ Այս մասին հայտնում է TRT Haber հեռուստաալիքը։
«Մեկը մյուսի հետևից 296-րդ ժամին հրաշքներ տեղի ունեցան... Հաթայում փլատակներից երկու մարդու են ողջ դուրս բերել», – փոխանցում է հեռուստաալիքը։
Միևնույն ժամանակ Anadolu գործակալությունը նշում է, որ երկրաշարժից հետո 13-րդ օրը փրկած մարդկանց թիվը հասել է 3-ի, որոնցից մեկը երեխա է։
Հիշեցնենք` փետրվարի 6–ին` ժամը 05.17–ին, Թուրքիայի Ղահրամանմարաշ գավառում երկրաշարժ է տեղի ունեցել, որն ավերածությունների է հանգեցրել մի շարք քաղաքներում։ Երևանի ժամանակով 14։24-ին և 14։36-ին ևս 2 ուժգին երկրաշարժ է գրանցվել։ Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 10-11 բալ: Թուրքիայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 40 հազարի։
Երկրաշարժը զոհերի ու ավերածությունների պատճառ է դարձել նաև Սիրիայում։ Այս պահին հայտնի է 8500-ից ավելի զոհերի մասին։