Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Արաբական Միացյալ Էմիրություններ

ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտնել է նախարարի այցի նպատակը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 18 փետրվարի – Sputnik. ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունն այսօր աշխատանքային այցով կմեկնի Արաբական Միացյալ Էմիրություններ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը։
«Հայկական պատվիրակությունը կմասնակցի միջազգային պաշտպանական համաժողովին և «Այդեքս և Նավդեքս 2023» ռազմարդյունաբերական ցուցահանդեսին»,–ասվում է հաղորդագրության մեջ։
Նշենք, որ պաշտպանական տեխնոլոգիաների «Այդեքս և Նավդեքս 2023» միջազգային ցուցահանդեսը տեղի կունենա փետրվարի 20-24-ը ԱՄԷ–ի մայրաքաղաք Աբու Դաբիում։
Հայաստանը միջոցառմանը կներկայացնի պաշտպանական և սպառազինության ոլորտներում կազմակերպությունների կողմից առաջարկվող լուծումները:
ՀՀ–ն Աբու Դաբիում կմասնակցի IDEX պաշտպանական տեխնոլոգիաների ցուցահանդեսին. ԲՏԱ նախարար
Բացի պաշտպանական ոլորտում գործունեություն ծավալող կազմակերպություններից, ցուցահանդեսին կմասնակցեն նաև բարձր տեխնոլոգիական ոլորտի կազմակերպություններ։
Հիշեցնենք` IDEX 2021 միջազգային ցուցահանդեսին ՀՀ–ն ներկայացված էր միայն բուկլետներով, քանի որ ցուցանմուշները ժամանակին տեղ չէին հասել։
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության այն ժամանակվա նախարար Հակոբ Արշակյանի հրամանով ծառայողական քննություն էր նշանակվել 2021 թվականի փետրվարի 21-25-ը ԱՄԷ մայրաքաղաք Աբու Դաբիում անցկացվող IDEX 2021 միջազգային ռազմարդյունաբերական 15-րդ միջազգային ցուցահանդեսին հայկական ընկերությունների միասնական տաղավարում հայկական ռազմական տեխնիկայի ցուցանմուշները սահմանված ժամկետում չհասցնելու և ցուցահանդեսին դրանց ցուցադրումը չապահովելու դեպքով: Աբու Դաբիի ցուցահանդեսի սկանդալի համար նախարարության 3 աշխատակից նկատողություն ստացավ։