ԵՐԵՎԱՆ, 18 փետրվարի - Sputnik. Պերուի խորհրդարանը քվեարկել է Կոլումբիայի նախագահ Գուստավո Պետրոյին անցանկալի անձ հայտարարելու օգտին։ Պետրոյի հանդեպ նման որոշման պատճառը Պերուի ոստիկանության մասին նրա արտահայտություններն են։ Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին։
Միջազգային հարցերով խորհրդարանական կոմիտեի ղեկավար Մարիա դել Կարմեն Ալվա Պրիետոն, որը պատգամավորներին ներկայացրել էր նախաձեռնությունը, նշել է, որ Կոլումբիայի նախագահը անդադար միջամտում էր Պերուի քաղաքական գործերին և փետրվարի 11-ին իր հանրային ելույթի ժամանակ վիրավորել է ազգային ոստիկանությանը` համեմատելով նրան նացիստական զորքերի հետ։
«Բանաձևը, որով առաջարկվում էր դժգոհություն արտահայտել Կոլումբիայի նախագահ Գուստավո Պետրոյի խոսքերի վերաբերյալ և նրան անցանկալի անձ հայտարարել, աջակցության է արժանացել», – ասվում է հայտարարության մեջ։
Խորհրդարանի կայքում նշվում է, որ նախաձեռնությանն աջակցել է 72 պատգամավոր, դեմ է հանդես եկել 29-ը, 7-ը ձեռնպահ են մնացել։
Կոնգրեսը արտգործնախարարությանը խնդրել է համապատասխան դիվանագիտական խողովակներն օգտագործել Պերուում Կոլումբիայի լիազոր դեսպանորդ Էուֆրասիո Մորալեսին փաստաթուղթը փոխանցելու համար։