ԵՄ քաղաքացիական առաքելության գործունեությունը կարևոր է. Փաշինյանը հանդիպել է Լևիցի հետ

Նիկոլ Փաշինյանը և Էգիլս Լևիցը մտքեր են փոխանակել Հարավային Կովկասի տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացների, ԼՂ հիմնախնդրի շուրջ:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 18 փետրվարի - Sputnik. Եվրոպական միության քաղաքացիական առաքելության գործունեությունը Հայաստանում կարևոր է: Այս հարցում Մյունխենում կայացած հանդիպման ժամանակ նույն կարծիքն են հայտնել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Լատվիայի նախագահ Էգիլս Լևիցը: Կողմերը հույս են հայտնել, որ առաքելությունը կնպաստի տարածաշրջանում կայունությանն ու խաղաղությանը: Տեղեկությունը հայտնում է ՀՀ վարչապետի մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ Լատվիայի նախագահի հետ հանդիպումը տեղի է ունեցել Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում։
«Վարչապետ Փաշինյանն անդրադարձել է Հայաստանում իրականացվող ինստիտուցիոնալ բարեփոխումներին և կարևորել Եվրոպական միության շարունակական աջակցությունը` դրանք արդյունավետ կյանքի կոչելու գործում: Վարչապետը նշել է, որ ժողովրդավարության զարգացումն ու ամրապնդումը ՀՀ կառավարության համար ունի ռազմավարական նշանակություն»,–ասվում է հաղորդագրության մեջ:
Զրուցակիցներն անդրադարձել են նաև հայ-լատվիական հարաբերություններին, ինչպես նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող տարբեր հարցերի:
Նիկոլ Փաշինյանը և Էգիլս Լևիցը մտքեր են փոխանակել Հարավային Կովկասի տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացների, ԼՂ հիմնախնդրի շուրջ:
Հիշեցնենք` Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ փետրվարի 16-19-ն աշխատանքային այցով կլինի Գերմանիայում։ Մյունխենում նա ոչ ֆորմալ հանդիպում է ունեցել Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ, հանցավորության դեմ պայքարի հարցեր քննարկել Եվրոպոլի գործադիր տնօրեն Քեթրին դը Բոլի հետ։ Համաժողովի շրջանակում Փաշինյանը հանդիպել է նաև Իրաքի Հանրապետության վարչապետ Մոհամմեդ Շիա Սուդանի, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ։ Նիկոլ Փաշինյանը Մյունխենում շփում է ունեցել նաև Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա Ֆոն դեր Լայենի ու ԵԱՀԿ գլխավոր քարտուղարՀելգա Շմիդտի հետ։