Լեռնային Ղարաբաղ տերմինը կա, և ինքը ստորագրել է դրա տակ. Փաշինյանի պատասխանն Ալիևին

Իլհամ Ալիևը Մյունխենում հայտարարեց, թե Լեռնային Ղարաբաղ տերմինը հնացած է ու չպետք է օգտագործվի։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 18 փետրվարի - Sputnik. Լեռնային Ղարաբաղ տերմին գոյություն ունի, այն գրված է 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագրում, և դրա տակ ստորագրել է նաև Իլհամ Ալիևը։ Այսօր Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում կայացած պանելային քննարկման ժամանակ այս մասին հայտարարեց է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը`պատասխանելով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի այն հայտարարությանը, թե Լեռնային Ղարաբաղ տերմինը հնացած է ու չպետք է օգտագործվի։
«Նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ կա Լեռնային Ղարաբաղ տերմինը, և այդ փաստաթղթի տակ ստորագրություններ կան։ Այնտեղ կա նաև Լաչինի միջանցք տերմինը, որը չպետք է լինի Ադրբեջանի վերահսկողության տակ»,– հայտարեց Նիկոլ Փաշինյանը։
Նա պատասխանեց նաև Ալիևի այն հայտարարությանը, թե Լաչինի միջանցքը շրջափակված չէ։ Փաշինյանը հիշեցրեց, թե ինչպես են ադրբեջանցի «բնապահպանները» հայ երեխաներին վախեցրել ավտոբուսում` ՀՀ-ից տուն վերադառնալու ճանապարհին։
Պատասխանելով Ալիևի այն հայտարարությանը, թե հայերը Լեռնային Ղարաբաղում ոչնչացրել են 67 մզկիթներից 65-ը` Փաշինյանն ասաց. «Տպավորություն է ստեղծվում, որ Ադրբեջանը ցանկանում է հակամարտությանը կրոնական ենթատեքստ տալ։ Այս պնդումը անհիմն է մի երկրի համար, որտեղ բնակվում են մահմեդականներ և կա գործող մզկիթ»:
Հիշեցնենք` Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ փետրվարի 16-19-ն աշխատանքային այցով կլինի Գերմանիայում։
Մյունխենում նա բազմաթիվ երկկողմ հանդիպումներ է ունեցել։
Երկկողմ հանդիպումներից բացի կայացել է նաև եռակողմ հանդիպում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև: