ԵՐԵՎԱՆ, 18 փետրվարի - Sputnik. ՀՀ ՊՆ նախկին շենքի բնակիչները ակցիա իրականացնելու համար կտեղադրեն ժամանակավոր վրաններ։ Ոստիկանությունից թույլտվություն ստացել են ՄԻՊ գրեսենյակի ներկայացուցիչները, հայտնում են կառույցի մամուլի ծառայությունից։
Նշենք, որ նախօրեին ՀՀ ՊՆ նախկին շենքի բնակիչների խնդիրներին ծանոթանալու համար նրանց է այցելել մարդու իրավունքների պաշտպանի արագ արձագանքման խումբը։
Բնակիչները ՄԻՊ ներկայացուցիչներին ներկայացրել են իրենց հուզող հարցերն ու խնդիրները, այդ թվում՝ նրանց բնակության վայրին, կենսաապահովման պայմաններին առնչվող հարցեր։
Արձանագրված խնդիրներն ու անձանց կողմից ներկայացված մտահոգություններն ամփոփվել են պաշտպանի աշխատակազմում և համապատասխան գրություն է ուղարկվել ՀՀ սշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն։
Հիշեցնենք, որ փետրվարի 16–ին վաղ առավոտից ՀՀ ոստիկանության մի քանի տասնյակ աշխատակիցներ սկսեցին ՀՀ ՊՆ նախկին շենքից տարհանել այնտեղ բնակություն հաստատած բնակիչներին։
Հիշեցնենք` ՀՀ կառավարությունը 2022 թվականի մայիսին ՊՆ–ի նախկին շենքը փոխանցել է Հայաստանի պետական եկամուտների կոմիտեի հաշվեկշռին։ 2022 թվականի սեպտեմբերից քիչ–քիչ շենքում ընտանիքներ են հայտնվել (հիմնականում սոցիալապես անապահով խավի ներկայացուցիչներ)։
Ըստ բնակիչների՝ այստեղ ապրում է 150-ից 200 ընտանիք։ Այս ամբողջ ընթացքում նրանք չեն վճարել բնակարանի ու էլեկտրաէներգիայի վարձերը (շենքում ջուր և գազ չկա)։
Քաղաքացիները հունվարի 23-ին փակել էին Երևան–Աշտարակ մայրուղին` պահանջելով միացնել հունվարի 20-ին անջատած հոսանքը, բայց որևէ էական արդյունքի չէին հասել։ Ոչ ոք նրանց հետ բանակցելու չէր եկել, ոստիկանությանն էլ հաջողվել էր բացել ճանապարհը։