ԵՐԵՎԱՆ, 18 փետրվարի – Sputnik. Մեծ Բրիտանիայի վարչապետ Ռիշի Սունակը եվրոպական երկրների պահեստներից (նույնիսկ դրանց դատարկվելու վտանգի պարագայում) զենքի պաշարները Կիևին մատակարարելու անհրաժեշտությունն արդարացրել է նրանով, որ դրանք նախատեսված էին հենց ՌԴ–ի հետ կռվելու համար։
Փետրվարի 17–ին բացվել է Մյունխենի համաժողովը, որին երկրորդ տարին անընդմեջ ՌԴ–ն չի մասնակցում, անկախ մի շարք քաղաքական գործիչների և փորձագետների մտավախությունից, որ առանց Մոսկվայի հետ երկխոսության, անվտանգության ու խաղաղության հասնելն անհնար է։ Մյունխենում նախորդ տարի Վլադիմիր Զելենսկին սպառնաց վերանայել միջուկային զենքից Ուկրաինայի հրաժարումը։
«Ինչի համար են մեզ պետք սպառազինության պաշարները, եթե դուք որպես եվրոպական երկիր հարցնում եք ինքներդ ձեզ` ինչի՞ պաշտպանության համար են դրանք ծառայում, ինչի՞ դեմ։ Եթե դրանք ծառայում են ռուսական տանկերը վերացնելու համար, մի՞թե այդ նպատակով չպետք է դրանք կիրառվեին։ Մի՞թե դրա համար չէին դրանք նախատեսված», – համաժողովում ելույթ ունենալիս հայտարարել էր նա։
Վարչապետը հորդորել է զինանոցի սպառումը չդիտարկել որպես խնդիր։
«Նրանք դրա համար էին նախատեսված։ Եթե պաշարները նվազում են, և եթե դրանք վնաս են հասցնում ռուսական զինված ուժերին, միևնույն ժամանակ դրանք ավելացնում են մեր անվտանգությունը»,–ասել է Սունակը։
Նա նշել է, որ Մեծ Բրիտանիան Ուկրաինային 2022 թվականին 2.3 մլրդ ֆունտի (2,5 մլրդ եվրո) ռազմական աջակցություն էր ցուցաբերել, այս տարի ծավալները կլինեն նույնը կամ ավելի մեծ։
Բրիտանիայի վարչապետի խոսքով` մարտական գործողություններում բեկումնային պահ է։ Այդ առիթով արևմտյան առաջնորդներին նա կոչ է արել կրկնապատկել Կիևին տրամադրվող ռազմական օգնությունը։ Սունակը հավելել է, որ Ուկրաինան հրետանու, ՀՕՊ համակարգերի և զրահատեխնիկայի կարիք ունի։
Ավելի վաղ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել էր, որ Ուկրաինայի ժողովուրդն է ստիպված լինելու հատուցել արևմտյան սպառազինության մատակարարման տեսքով կեղծ աջակցության համար։
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան փետրվարի 17–ին նախազգուշացրեց, որ արևմտյան սպառազինությամբ Ուկրաինային զինելը, ինչպես նաև Մոսկվայի հետ Կիևի առճակատումը Արևմուտքի կողմից նպատակաուղղված խթանելը կարող է վատ ավարտ ունենալ։
Ավելի վաղ ՌԴ–ն բոլոր երկրներին, այդ թվում` ԱՄՆ–ին, նոտա էր հղել Ուկրաինային զենք մատակարարելու պատճառով։ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը նշել էր, որ ցանկացած բեռ, որը սպառազինություն է պարունակում Ուկրաինայի համար, Ռուսաստանի համար օրինական թիրախ է հանդիասանալու։ ՌԴ ԱԳՆ–ում հայտարարել էին, որ ՆԱՏՕ–ի երկրները «կրակի հետ են խաղում»` Ուկրաինային զենք մատակարարելով։ Պեսկովը նշել էր, որ Արևմուտքի կողմից Ուկրաինային զենքով զինելը ռուս–ուկրաինական բանակցությունների հաջողությանը չի նպաստում և բացասական ազդեցություն է ունենալու։