ԵԽԽՎ մոնիթորինգի հանձնաժողովի համազեկուցողներն այցելել են Ջերմուկ

Պատվիրակության անդամները եղել են Ջերմուկ առողջարանային քաղաքում ադրբեջանական ագրեսիայի հետևանքով տուժած վայրեր։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 18 փետրվարի - Sputnik. Ադրբեջանական ագրեսիայից հետո Ջերմուկում ստեղծված իրավիճակն են այսօր ներկայացրել փաստահավաք առաքելությամբ Հայաստան ժամանած ԵԽԽՎ մոնիթորինգի հանձնաժողովի համազեկուցողներին։ Այս մասին հայտնում է Ջերմուկի քաղաքապետարանի մամուլի ծառայությունը։
ԵԽԽՎ մոնիթորինգի հանձնաժողովի համազեկուցողներն այցելել են Ջերմուկ
ՀՀ ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանի, պատգամավորների և Վայոց Ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանի հետ նրանք այսօր այցելել են Վայոց Ձորի մարզի Ջերմուկ քաղաք։
Այցի շրջանակներում Ջերմուկ համայնքի ղեկավարի տեղակալ Վարդան Սարգսյանի և բարձրաստիճան զինվորականների ուղեկցությամբ պատվիրակության անդամները այցելել են Ջերմուկ առողջարանային քաղաքում ադրբեջանական ագրեսիայի հետևանքով տուժած վայրեր։
Հիշեցնենք` Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները սեպտեմբերի 13-ից Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ ինտենսիվ կրակ էին վարում հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից։ Հակառակորդը կիրառում էր նաև ԱԹՍ-ներ:
Սեպտեմբերի 14-ի ժամը 20։00-ից հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով հրադադարի ռեժիմ սահմանվեց, որը պարբերաբար խախտում է ադրբեջանական կողմը։
Քննչական կոմիտեն սեպտեմբերի 30-ին հայտնեց, որ ադրբեջանական ագրեսիայի հետևանքով հայկական կողմն ունի 201 զոհ՝ 197 զինծառայող և 4 քաղաքացիական անձ, վիրավորվել է 293 զինծառայող ու 6 քաղաքացիական անձ, գերեվարվել է 20 զինծառայող:
Հոկտեմբերի 4-ին Ադրբեջանը Հայաստանին վերադարձրեց 17 գերիների։