ԵՐԵՎԱՆ, 18 փետրվարի - Sputnik. Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպել է Կովկասյան բանակցությունների հարցերով ավագ խորհրդական, ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահ Լուիս Բոնոյի հետ, քննարկել Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացի վերջին զարգացումները: Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող հարցերի:
«Նախարար Միրզոյանը զրուցակցին է ներկայացրել հայկական կողմի վերջին առաջարկներն Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման նախագծի վերաբերյալ»,–ասվում է հաղորդագրության մեջ։
Անդրադարձ է կատարվել Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շրջափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար ճգնաժամին։
ԱԳ նախարարը շեշտել է, որ Լեռնային Ղարաբաղն էթնիկ զտման ենթարկելու` Ադրբեջանի քաղաքականությունը, շարունակական սադրանքները, ինչպես նաև ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ նկրտումները խաթարում են տարածաշրջանում խաղաղություն հաստատելուն ուղղված` միջազգային հանրության և հայկական կողմի ջանքերը:
Կարևորվել է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքների և ավտանգության երաշխիքների քննարկման համար միջազգային մեխանիզմի ստեղծման անհրաժեշտությունը։
Հիշեցնենք` դեկտեմբերի 12-ից Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին։ Դեկտեմբերի 13-ից ադրբեջանական կողմը ժամանակ առ ժամանակ անջատում է Արցախի գազամատակարարումը։
Հունվարի 9-ից ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող տարածքից անջատվել է նաև Հայաստանից դեպի Արցախ էներգասնուցումը: Ադրբեջանական կողմը հնարավորություն չի տալիս, որ մասնագետները մոտենան և հասկանան պատճառները՝ անհրաժեշտության դեպքում վթարավերականգնողական աշխատանքներ իրականացնելու համար: Արցախում էլենտրաէներգիայի մատակարարումն իրականացվում է հովհարային անջատումներով։
Լաչինի միջանցքը շարունակում է փակ մնալ։