ԵՐԵՎԱՆ, 18 փետրվարի - Sputnik. Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կառուցողական է անվանել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ երկու երկրների միջև խաղաղության պայմանագրի քննարկումը:
Լրագրողների հետ զրույցում Ալիևն ասել է, որ հանդիպման ընթացքում քննարկվել են բազմաթիվ հարցեր, այդ թվում՝ Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրման պայմանները։
Նրա խոսքով՝ գլխավոր հարցն այն է, որ խաղաղության պայմանագիրը կնքվի միջազգային նորմերի և սկզբունքների հիման վրա։
Ադրբեջանի նախագահը նշել է, որ խաղաղության պայմանագրում Լեռնային Ղարաբաղի մասին որևէ դրույթի առկայություն անթույլատրելի է։
Նա ասել է, որ հայկական կողմին առաջարկել է հայ-ադրբեջանական սահմանին հսկիչ անցակետեր տեղադրել այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» երկու կողմերում և Լաչինի ու Հայաստանի միջև։
Հիշեցնենք` այսօր Մյունխենում եռակողմ հանդիպում է կայացել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև:
Նախորդ անգամ Փաշինյանն ու Ալիևը հանդիպել են 2022–ի հոկտեմբերի 31-ին Սոչիում։ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հանդիպման ժամանակ քննարկել են 2020 թվականի նոյեմբերի 9-ի, 2021 թվականի հունվարի 11-ի և նոյեմբերի 26-ի եռակողմ հայտարարությունների իրականացման ընթացքը։
Հանդիպման արդյունքում համատեղ հայտարարություն է ընդունվել, որում նրանք վերահաստատել են նշյալ բոլոր պայմանավորվածությունները խստորեն պահպանելու հանձնառությունը՝ ելնելով հայ-ադրբեջանական հարաբերությունների համապարփակ կարգավորման, Հարավային Կովկասում խաղաղության, կայունության, անվտանգության և կայուն տնտեսական զարգացման ապահովման շահերից։