ԵՐԵՎԱՆ, 17 փետրվարի – Sputnik. ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այսօր անակնկալ այց է կատարել Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարան։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը։
Այցի ընթացքում նա ստուգել է օրվա կարգացուցակով սահմանված միջոցառումների և պարապմունքների ընթացքը, հետևել կուրսանտների դասապրոցեսին։
Սուրեն Պապիկյանն անակնկալ այց է կատարել Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարան
Նախարարը շրջել է ռազմաուսումնական հաստատության տարածքում, ծանոթացել մասնագիտական լսարանների՝ ուսումնանյութական միջոցներով հագեցվածությանը, զորանոցային և ճաշարանային պայմաններին, ինչպես նաև ընթացող վերանորոգման աշխատանքներին։
Զրուցելով ռազմական համալսարանի ղեկավար կազմի հետ և քննարկելով ուսումնական գործընթացին առնչվող մի շարք հարցեր` Պապիկյանը նշել է, որ զինվորական ծառայության գրավչության բարձրացման, ռազմական կրթությունն առավել գրավիչ դարձնելու ուղղությամբ արդեն իսկ ներդրվել են նոր ծրագրեր, և բարեփոխումները լինելու են շարունակական։
Սուրեն Պապիկյանն անակնկալ այց է կատարել Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարան
Հիշեցնենք, որ փետրվարի սկզբից մեկնարկել են պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի անակնկալ այցերը ՊՆ բոլոր զորամիավորումներ ու զորամասեր։
Այցերի նպատակն է տեղում ծանոթանալ ծառայության կազմակերպման ընթացքին, զինծառայողների կարգպահության և բարոյահոգեբանական վիճակին, սոցիալ-կենցաղային պայմաններին, առաջնագծի կահավորմանն ու իրականացվող շինարարական աշխատանքների ընթացքին։