ԵՐԵՎԱՆ, 17 փետրվարի – Sputnik. Ռուս խաղաղապահները հումանիտար բեռով երկու շարասյուն են ուղեկցել Լեռնային Ղարաբաղ։ Տեղեկությունը հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը։
«Ապահովվել է հումանիտար բեռով ռուսական խաղաղապահ զորակազմի երկու ավտոշարասյուների ուղեկցումը Գորիս-Ստեփանակերտ երթուղով: Ստեփանակերտում անցկացվել է մարդասիրական ակցիա․ բազմազավակ ընտանիքների, հաշմանդամ երեխաներ ունեցող ընտանիքների և Հայրենական մեծ պատերազմի մասնակիցների մթերային փաթեթներ են տրամադրվել»,-ասվում է հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ ռուս խաղաղապահների հրամանատարության կողմից ադրբեջանական և հայկական կողմերի հետ շարունակվում է Ստեփանակերտ – Գորիս ճանապարհահատվածում ավտոմոբիլային տրանսպորտի անարգել երթևեկության վերսկսման բանակցային գործընթացը։
Խաղաղապահները չորս երթուղիներով պարեկություն են իրականացրել Մարտակերտի, Մարտունու, Շուշիի շրջաններում և Լաչինի միջանցքում։
Հիշեցնենք` դեկտեմբերի 12-ի առավոտյան Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին։
Դեկտեմբերի 13-ից սկսած` ադրբեջանական կողմը ժամանակ առ ժամանակ անջատում է Արցախի գազամատակարարումը։
Հունվարի 9-ից ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող տարածքից անջատվել է նաև Հայաստանից դեպի Արցախ էներգասնուցումը: Ադրբեջանական կողմը հնարավորություն չի տալիս, որ մասնագետները մոտենան և հասկանան պատճառները՝ անհրաժեշտության դեպքում վթարավերականգնողական աշխատանքներ իրականացնելու համար: Արցախում էլենտրաէներգիայի մատակարարումն իրականացվում է հովհարային անջատումներով։
Լաչինի միջանցքը շարունակում է փակ մնալ։