ՌԴ ԱԳՆ-ն վերահաստատել է Միրզոյանի և Բայրամովի հանդիպումը կազմակերպելու պատրաստակամությունը

Զախարովան նշել է, որ Ռուսաստանը շարունակում է աջակցել երկրների միջև խաղաղության պայմանագրի կնքման գործընթացին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 17 փետրվարի – Sputnik. Ռուսական կողմը հաստատում է Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը Մոսկվայում կազմակերպելու պատրաստակամությունը: Ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
Նա հավելել է, որ Ռուսաստանը շարունակում է աջակցել երկրների միջև խաղաղության պայմանագրի կնքման գործընթացին։
«Այս համատեքստում վերջերս տեղի ունեցավ ՌԴ ԱԳՆ հատուկ ներկայացուցիչ Իգոր Խովաևի այցը Երևան ու Բաքու. և՛ հայկական, և՛ ադրբեջանական կողմը հաստատեց իր շահագրգռվածությունն այդ հարցում մեր երկրի (ՌԴ–ի,–խմբ.) միջնորդությամբ»,–նշել է Զախարովան։
Հիշեցնենք, որ 2022-ի դեկտեմբերի 22-ին Երևանը հրաժարվեց մասնակցել Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպմանը` Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակի պատճառով։
2023-ի փետրվարի 8-ին էլ, անդրադառնալով չկայացած հանդիպմանը, ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը հայտարարել էր, որ չմասնակցելով հանդերձ, Հայաստանն իր առաջարկներն է փոխանցել Բաքվին հեռավար կարգով։
Նա նաև շեշտել էր, որ Մոսկվայի հետ հարաբերությունների ներկայիս վիճակը ճգնաժամ անվանելն անտեղի է։
Ավելի ուշ Ռուսաստանի փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը հայտարարեց, որ Մոսկվան չի հրաժարվում Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների եռակողմ հանդիպումից. այս հարցը մշակման փուլում է։