Փաշինյանը հանդիպել է Իրաքի վարչապետին. պայմանավորվածություն է ձեռք բերվել

Հայաստանի և Իրաքի վարչապետները
Նիկոլ Փաշինյանը Իրաքի վարչապետի հետ քննարկել է հայ-իրաքյան հարաբերությունների զարգացումը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 17 փետրվարի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Իրաքի Հանրապետության վարչապետ Մոհամմեդ Շիա Սուդանը պայմանավորվել են հայ-իրաքյան միջկառավարական հանձնաժողովի նիստ կազմակերպել և նախանշել համատեղ ծրագրերը։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ վարչապետի մամուլի ծառայությունը։
Իրաքի վարչապետի հետ հանդիպումը կայացել է Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում։
«Զրուցակիցները կարևորել են հայ-իրաքյան հարաբերությունների զարգացումը տարբեր ուղղություններով, այդ թվում` քաղաքական և տնտեսական: Այդ առումով, կողմերն ընդգծել են երկու երկրների միջև առևտրատնտեսական կապերի խորացման անհրաժեշտությունը, գործարարների շրջանում փոխգործակցության ընդլայնումն ու ամրապնդումը»,-նշում են կառավարությունից։
Հանդիպման ընթացքում կարևորվել է նաև միջազգային հարթակներում փոխշահավետ համագործակցությունը:
Հիշեցնենք` Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ փետրվարի 16-19-ն աշխատանքային այցով կլինի Գերմանիայում։ Մյունխենում նա ոչ ֆորմալ հանդիպում է ունեցել Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ, հանցավորության դեմ պայքարի հարցեր քննարկել Եվրոպոլի ղեկավարի հետ։