Հայտնի չէ` Մյունխենում Փաշինյանի և Ալիևի հանդիպում կլինի, թե ոչ

Ալիևը կմասնակցի Հարավային Կովկասի անվտանգության վերաբերյալ պանելային քննարկմանը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 17 փետրվարի – Sputnik. Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հավանական հանդիպման մասին խոսք չկա։ Այս մասին Sputnik Արմենիային ասացին ՀՀ կառավարության մամուլի ծառայությունից։
«Այս պահին նման տեղեկություն չկա», -նշեցին կառավարությունից:
Նշենք, որ ըստ ադրբեջանական լրատվամիջոցների` Իլհամ Ալիևը կմասնակցի Հարավային Կովկասի անվտանգության վերաբերյալ պանելային քննարկմանը։
Միջոցառումը տեղի կունենա փետրվարի 18-ին Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակներում:
Հիշեցնենք` Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ փետրվարի 16-19-ն աշխատանքային այցով կլինի Գերմանիայում։ Նա կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովի բացման պաշտոնական արարողությանը:
Համաժողովի շրջանակում ՀՀ վարչապետը երկկողմ մի շարք հանդիպումներ կունենա արտերկրի գործընկերների հետ:
Մյունխենում նա արդեն իսկ ոչ ֆորմալ հանդիպում է ունեցել Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ։