Մարմնամարզության Եվրոպայի առաջնությունը Երևանում. ինչ խնդիրներ կան և ինչպես են լուծվելու

Մարմնամարզության ֆեդերացիայի նախագահ Գագիկ Վանոյանը Sputnik Արմենիայում
Երևանում Եվրոպայի մարմնամարզության առաջնության անցկացումը Հայաստանի ֆեդերացիային նաև հնարավորություն կտա մարզագույքով օգնել մարզերի մարմնամարզության դպրոցներին։ Sputnik Արմենիայի հետ զրույցում ֆեդերացիայի նախագահ Գագիկ Վանոյանը մանրամասներ է ներկայացրել։
Sputnik
2022թ-ին Հայաստանում անցկացվեց Եվրոպայի բռնցքամարտի առաջնությունը, 2023-ին անցկացվելու է Եվրոպայի ծանրամարտի առաջնությունը, իսկ 2027 թվականին Երևանն ընդունելու է սպորտային մարմնամարզության հին աշխարհամասի առաջնությանը, ինչը նոր զարկ կհաղորդի մեր հանրապետությունում մարզաձևի զարգացմանը։
Եվրոպայի մարմնամարզության առաջնության Երևանում անցկացման իրավունքը վաստակելը հեշտ չէր, այն երազանք էր, որն իրականություն է դառնում։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիայի նախագահ Գագիկ Վանոյանը։ Նա նաև խոսեց սպասվող փոփոխությունների մասին, որոնք պետք է արվեն միջազգային մրցաշարին ընդառաջ։ Զրուցել է Խաչիկ Չախոյանը։
-Պարոն Վանոյան, երկու տարի շարունակ Դուք և ձեր համախոհները ջանք չեք խնայել այս հաջողության համար` իրավունք վաստակելով Երևանում անցկացնել Եվրոպայի մարմնամարզության առաջնությունը։
-Նախ ասեմ, որ սա մեծ հաջողություն է Հայաստանի և հայկական սպորտի համար։ Նման կարգի խոշոր մրցաշար անցկացնելը հենց այնպես չի լինում։ Եվ այդ առումով մի քիչ էլ զարմանալի է, որ Եվրոպայի մարմնամարզության առաջնության անցկացման իրավունքը վաստակելը ոչ պատշաճ ձևով լուսաբանվեց։Շվեյցարիայում, որտեղ կայացվեց Հայաստանում Եվրոպայի առաջնության անցկացման որոշումը, շատ հուզումնալից պահեր ապրեցինք` լսելով քննարկումներն ու հետո էլ որոշումը։
-Մարմնամարզության եվրոպական ֆեդերացիայի նախագահը ադրբեջանցի է՝ Ֆարիդ Գաիբովը։ Այս հանգամանքը կարո՞ղ էր խանգարել Հայաստանում Եվրոպայի առաջնությունը անցկացնելուն։
-Կարող էր, բայց հանուն արդարության պետք է ասեմ, որ Գաիբովը ամեն ինչ արեց, համենայնդեպս տեսանելի հարթությունում, որ մենք հասկանաք, որ սպորտն ու քաղաքականությունը իրար հետ կապ չունեն։
-Եվրոպայի առաջնության անցկացումը հենց այնպես չէ, որ վստահվել է ՀՀ-ին։ Այս մարզաձևում մենք ունենք բազմաթիվ նվաճումներ աշխարհի բոլոր կարգի խոշոր մրցաշարերում։ Ու, ինչպես միշտ, մինչև Եվրոպայի առաջնության մեկնարկը պետք է մեկ խոշոր մրցաշար անցկացնել` ստուգելու մեր կազմակերպչական հնարավորությունները։ Ի՞նչ է արվում այդ առումով։
-Անկասկած Եվրոպայի առաջնությունը Հայաստանում անցկացնելու գործում առանցքային էին մեր մարզիկների արդյունքները։ Ու տեղին է նշել, որ մեր ունեցած պայմանները ընդհանրապես կապ չունեին արդյունքների հետ։ Վատ պայմաններում մեր մարմնամարզիկները հրաշքներ էին գործում միջազգային մրցահարթականերում։ Սակայն պետք է նշել նաև, որ առանց կառավարության օգնության հնարավոր չէ նման կարգի մրցաշար անցկացնել։
Մենք լիակատար աջակցություն ունենք Հայաստանի կառավարությունից. ծախսերը ահռելի են։ Եվրոպայի առաջնության անցկացումից մեկ տարի առաջ մենք Երևանում պետք է անցկացնենք բարձր կարգի մրցաշար։ Դա կլինի ստուգողական մրցաշար։ Մենք ձեռք են բերելու մարզագույք մարզվելու ու մրցումները անցկացնելու համար։ Դրանով հնարավոր կլինի ապահովել մեր մարմնամարզիկներին առաջիկա 15-20 տարիների ընթացքում և որոշակի ժամանակ այլևս վատ պայմանների մասին չխոսել։
-Եվրոպայի առաջնության անցկացումը Հայաստանում վերջապես խթան կհանդիսանա, որ մենք ունենանք միջազգային չափորոշիչներին համապատասխան մարզադահլիճ։ Այդ առումով ի՞նչ նորություններ կան։
-Եվրոպայի առաջնությունը Երևանում անցկացնելով` մի շարք կարևոր հարցերի լուծում ենք ունենում։ Ես շատ ցավում եմ, որ մեր շատ մարմնամարզիկներ այդպես էլ հնարավորություն չունեցան համապատասխան մարզադահլիճներում պարապել, բայց ի շնորհիվ իրենց հաջորդ սերունդներն այդպիսի հնարավորություն կունենան։ Երևանում գործող Ալբերտ Ազարյանի անվան մարզադպրոցի հնարավորությունները կեռապատկվեն։ Նվազագույնը 1000 մարզիկ, եթե ոչ ավելին, արդեն կկարողանան մարմնամարզությամբ զբաղվել նոր մարզադահլիճում։
Մենք ունենք հրաշալի ազգային հավաքական, ունենք հրաշալի երիտասարդներ, և դա տեսնում է ամբողջ աշխարհը։ Եվրոպայի առաջնությունում հին աշխարհամասի չեմպիոն դարձած 38-ամյա Հարություն Մերդինյանը երիտասարդների առաջնության արծաթե մեդալակիր Համլետ Մանուկյանի հայրիկի տարիքին է։ Սա նշանակում է, որ մենք ունեք և՛ ներկա, և՛ ապագա։
Հարցազրույցի ժամանակ պարզ դարձավ նաև, որ Երևանում Եվրոպայի առաջնության անցկացումը մարմնամարզության Հայաստանի ֆեդերացիային հնարավորություն կտա մարզագույքով օգնել մարզերում աշխատող մարմնամարզության դպրոցներին, և դա նոր առաջընթաց կապահովի մարզաձևին։
Մարզաձևը Հայաստանում երկրորդ երիտասարդությունն է ապրելու։ Մարմնամարզության ֆեդերացիայի նախագահի խոսքերով` այդ գործում շատ մեծ դեր ունեն մեր հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանն ու նրա համախոհները, որոնք անհավանական ծանր պայմաններում կարողացան պահպանել մարզաձևը, հաղթանակներ կերտեցին, հիմա էլ նոր հաջողությունների ապահովման ճանապարհին են։