ԵՐԵՎԱՆ, 17 փետրվարի – Sputnik. Լաչինի միջանցքի ճգնաժամին տեղում ծանոթանալու նպատակով Հայաստան են ժամանել ԵԽԽՎ համազեկուցողներ ԵԽԽՎ Մոնիտորինգի հանձնաժողովի Հայաստանի հարցերով համազեկուցողներ Կիմո Կիլյունենն ու Բորիանա Աբերգը, որոնց այսօր ընդունել է ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը։ Տեղեկությունը հրապարակվել է խորհրդարանի կայքում։
Ըստ հաղորդագրության` ԱԺ նախագահն ընդգծել է Հայաստանում հանգրվանած արցախցիների հետ հանդիպման անհրաժեշտությունը:
Նա կարևորել է հանձնաժողովի կողմից նախապատրաստվող «Լաչինի միջանցքի շրջափակման հումանիտար հետևանքները» վերտառությամբ զեկույցը:
Հանդիպմանը մանրամասներ են ներկայացվել Լաչինի միջանցքի ճգնաժամի և դրա հետևանքների մասին:
Համազեկուցողները նախատեսում են այցելել սահմանամերձ մարզեր։
Հիշեցնենք` դեկտեմբերի 12-ից Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին։ Դեկտեմբերի 13-ից ադրբեջանական կողմը ժամանակ առ ժամանակ անջատում է Արցախի գազամատակարարումը։
Հունվարի 9-ից ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող տարածքից անջատվել է նաև Հայաստանից դեպի Արցախ էներգասնուցումը: Ադրբեջանական կողմը հնարավորություն չի տալիս, որ մասնագետները մոտենան և հասկանան պատճառները՝ անհրաժեշտության դեպքում վթարավերականգնողական աշխատանքներ իրականացնելու համար: Արցախում էլենտրաէներգիայի մատակարարումն իրականացվում է հովհարային անջատումներով։
Լաչինի միջանցքը շարունակում է փակ մնալ։