ԵՐԵՎԱՆ, 17 փետրվարի – Sputnik. Հայաստանի և Թուրքիայի միջև հաշտեցման գործընթաց չկա, թուրքական կողմն աննշան ժեստեր է անում, իսկ հայկական կողմը հրամցնում է դա որպես պատմական փաստեր` խաբելով հասարակությանը։ Այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ հանդիպմանը այս հայտարարությունն արեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը։
ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը փետրվարի 15-ին Թուրքիայում Մևլութ Չավուշօղլուի հետ հանդիպումից հետո հայտարարեց, որ պայմանավորվել են համատեղ ջանքերով վերանորոգել Անիի կամուրջը։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության երեկվա նիստում ասաց, որ Անիի կամրջի էսքիզային նախագիծը վաղուց են պատրաստել, և ավելացրեց, որ կամրջի վերականգնումը կարող է շատ սիմվոլիկ քայլ դառնալ։
«Հասարակությանը խաբում են, որ Անիի կամրջի վերանորոգումը նոր ձեռք բերված պայմանավորվածություն է, բայց դա արդեն տարիների պատմություն ունի։ Հարաբերությունների «կարգավորման» գործընթացը լոկ ծխածածկույթ է, որը հրամցնում են մեր ժողովրդին` իբր տեղի են ունենում լուրջ գործընթացներ»,– ասաց Մանուկյանը։
Նա վստահեցրեց, որ թուրքական մամուլը Անիի կամրջի վերանորոգման մասին խոսել է դեռ 2017 թվականից։
«Այդ ժամանակ չկար հայ–թուրքական կարգավորման գործընթաց, չէր եղել 44–օրյա պատերազմը, բայց թուրք նախարարներն ու պատգամավորները արդեն խոսում էին կամրջի վերանորոգման մասին։ 2019 թվականից թուրքական պաշտոնական աղբյուրներում և մամուլում հրապարակվել էին նաև կամրջի էսքիզները»,– ասաց պատգամավորը։
Մանուկյանի հիշեցրեց կառավարության` 2020 թ.–ի հունիսի 25–ի որոշումներից մեկը` նշելով, որ այս գործընթացին նախապես պատրաստվել է նաև հայկական կողմը։
«Երբ հարաբերությունների կարգավորման ու ճանապարհի բացման մասին ոչ մի խոսք չկար, կառավարությունը ավելի քան 2 մլրդ դրամ հատկացրեց դեպի Թուրքիայի սահման տանող ճանապարհների վերանորոգման համար։ Իսկ հիմնավորումների մեջ չկա, թե ինչու է այդքան գումար տրամադրվում չգործող ճանապարհի համար»,– ընդգծեց պատգամավորը։
Նա հիշեցրեց, որ երբ լրագրողները փորձեցին այդ ժամանակվա արտգործնախարար Արա Այվազյանից ճշտել` կա՞ արդյոք Հայաստանի և Թուրքիայի մեջ երկխոսություն, նա պատասխանեց, որ իրեն հայտնի չէ։
«Բայց ուզում եմ հիշեցնել, որ այդ ժամանակ խոսում էին Վլադիմիր Կարապետյանի (ՀՀ վարչապետի նախկին խոսնակ. խմբ.) միջոցով Թուրքիայի հետ երկխոսության մասին»,– ասաց Մանուկյանը։
Պատգամավորը վստահ է, որ Թուրքիան չի բացելու Հայաստանի հետ սահմանը, քանի դեռ Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր չի կնքվել։ Ավելին` թուրքական կողմը նախկինի պես նախապայմաններ է առաջ քաշում, իսկ հայկական կողմը դրանք չի նկատում։
«Հատկանշական է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խաղաղության համաձայնագրի տեքստը Բաքվին ուղարկելու մասին հայտարարել էր այն օրը, երբ արտգործնախարար Արարատ Միրզոյանը գտնվում էր Թուրքիայում։ Փորձագիտական եզրակացություն կա, որ հենց Թուրքիայի միջոցով է այդ փաստաթուղթը փոխանցվել Ադրբեջանին»,– ասաց Մանուկյանը։
Նա հավելեց, որ պատգամավորական հարցում է պատրաստում ՀՀ ԱԳՆ–ին, որպեսզի պարզի, թե ում միջոցով է այդ փաստաթուղթը փոխանցվել Ադրբեջանին։
Հիշեցնենք` փետրվարի 16-ին կառավարության նիստի մեկնարկից առաջ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ՀՀ-ն փետրվարի 15-ինավարտել է Ադրբեջանի հետ խաղաղության և հարաբերությունների հաստատման պայմանագրի նախագծի հերթական փուլի աշխատանքները և իր առաջարկները փոխանցել ադրբեջանական կողմին։