ԵՐԵՎԱՆ, 17 փետրվարի – Sputnik. Երևանի կենտրոնում վերաբացված «Փակ շուկայի» գետնանցումը չունի թեքահարթակ։ Այս մասին «Ֆեյսբուքի» իր էջում գրել է ՀՀ ԱԺ պատգամավոր, ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը։
Նշենք, որ փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը երեկ հիմնովին վերանորոգված «Փակ շուկայի» գետնանցումը հանձնեց շահագործման։
«Նորոգման արդյունքում ոչ միայն օրինազանցություն է գրանցվել, այլև մարդու իրավունքների ակնհայտ խախտում. ինչպե՞ս պետք է սահմանափակ կարողություններով մարդիկ, մանկասայլակով անցորդները օգտվեն գետնանցումից...Այնպես որ, գնահատականը՝ անբավարար, այս ստուգարքն էլ չհանձնեցիք, Տիգրան Ավինյան»,–գրել է Թովմասյանը։
Մինչդեռ Sputnik Արմենիայի հետ զրույցում Երևանի քաղաքապետարանի լրատվության վարչության պետ Լևոն Սարդարյանը պարզաբանեց, որ «Փակ շուկայի» աստիճանավանդակի թեքությունն այնքան մեծ է, որ ձևական կարելի էր այդտեղ թեքահարթակ սարքել, բայց բովանդակային իմաստով դա անօգուտ էր լինելու։
«Սահմանափակ հնարավորություններ ունեցող մարդիկ դրանից օգտվել ուղղակի չէին կարող։ Բացի այդ,գետնանցումից 50 մետր այն կողմ կա անցում։ Չնայած դրան,Երևանի քաղքապետարանը խնդիրներ է դրել ապագա վարձակալի առաջ, որոնցից առաջինը վերաբերում է թեքահարթակի բացակայությանը։ Պետք է սահմանափակ հնարավորություններ ունեցող անձանց համար տեղադրվի և շահագործվի հատուկ վերելակ»,–ասաց Սարդարյանը։
Հիշեցնենք, որ «Փակ շուկայի» դիմացի գետնանցումը փակվել էր 2022 թվականի սեպտեմբերի 2-ից։ Այդ ժամանակ քաղաքապետարանից հայտնել էին, որ հիմնանորոգման աշխատանքները տևելու են մինչև դեկտեմբերի 25-ը։