ԵՐԵՎԱՆ, 17 փետրվարի – Sputnik. Գեղարքունիքի մարզի Վարդենիսի նյարդահոգեբանական տուն–ինտերնատի տնօրենը ստիպել է հիվանդներից մեկին մաքրել իր խոզանոցը, հիվանդներին խոշտանգել է։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունը։
«Ոստիկանությունը ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզել է, որ Վարդենիսի տուն-ինտերնատի տնօրենն այլ ապօրինություններ էլ է իրականացրել: Մասնավորապես`հիվանդներին պարտադրել է տնտեսական աշխատանքներ կատարել, աշխատակիցներին հանձնարարել է, որ հիվանդներին չտրամադրեն հասանելիք ծխախոտի չափաբաժինը և օրվա ճաշացանկով նախատեսված սնունդը»,– ասված է հաղորդագրությունում։
Նշվում է, որ փետրվարի 16-ին տուն-ինտերնատի բաժանմունքներից մեկի իր հիվանդասենյակում ջեռուցման մարտկոցից մետաղյա շղթայով կապված, հայտնաբերվել է հիվանդներից մեկը:
Բացի այդ, ոստիկանության ծառայողների տեղեկություններով՝ տնօրենը աշխատակիցների դրույքաչափերը բարձրացնելու համար միջնորդի միջոցով պահանջել և ստացել է տարբեր չափերի գումարներ: Տնօրենը պաշտոնավարման տարիներին անփույթ վերաբերմունք է դրսևորել աշխատանքի նկատմամբ և համապատասխան որակավորում չունեցող աշխատողներին աշխատանքից չի ազատել:
Նյարդահոգեբանական տուն-ինտերնատի տնօրենը և մի խումբ աշխատակիցներ ձերբակալվել և ներկայացվել են վարույթն իրականացնող մարմին:
Հանգամանքները պարզվում են: