ԵՐԵՎԱՆ, 17փետրվարի – Sputnik. Եթե որևէ մեկը ձախողել է հայ–ադրբեջանական կարգավորման ջանքերը, ապա դա Արևմուտքն է` ԱՄՆի–ի գլխավորությամբ։ Այսօրվա ճեպազրույցի ժամանակ հայտարարեց ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան` նշելով, որ ԵԱՀԿ ՄԽ ձևաչափը պատմության աղբանոցն է ուղարկվել դեռ նախորդ տարվա փետրվարին։
Նրա խոսքով` ամերիկացի և ֆրանսիացի համանախագահներն այդ ժամանակ հորինված պատրվակով դադարեցրին փոխգործակցությունը ռուսաստանցի գործընկերոջ հետ։
«Հասկանալի բացատրություն այդպես էլ չտրվեց։ Դա հաշվի առնելով` մենք կենտրոնացանք եռակողմ ձևաչափով Երևանին և Բաքվին աջակցություն ցուցաբերելու վրա` հիմնվելով բարձր մակարդակով համապատասխան պայմանավորվածությունների վրա, ինչի մասին բազմիցս խոսել ենք և բացատրել»,– ասաց նա։
Ինչ վերաբերում է հայ–ադրբեջանական կարգավորման հարցում ԱՄՆ միջնորդությանը, ՌԴ ԱԳՆ–ն չի տեսնում, որ այդ ուղղությամբ իրական քայլեր են արվում և այդ միջնորդությունը որևէ հավելյալ արժեք է ներկայացնում։
Նշենք, որ հայկական կողմը բազմիցս ընդգծել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության դերը ԼՂ հիմնախնդրի համապարփակ կարգավորման գործում։
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն ապրիլին հայտարարեց, որ չգիտի, թե ինչ ճակատագիր կունենա Մինսկի խմբի եռանախագահությունը, և այդ անորոշության պատճառը ԱՄՆ-ի և Ֆրանսիայի դիրքորոշումն է, որոնք հրաժարվել են համագործակցել ՌԴ-ի հետ այդ ձևաչափով: Արդեն նոյեմբերի կեսերին ամերիկացի միջնորդ Ֆիլիպ Ռիքերը նույնպես հաստատեց, որ ԵԱՀԿ ՄԽ-ն փաստացի չի գործում։