ԵՐԵՎԱՆ, 17 փետրվարի – Sputnik. Թուրքիայի ավերիչ երկրաշարժն իր հետևանքներն է թողել նաև Հաթայ նահանգի հայկական երեք եկեղեցիների վրա։ Այս մասին տեղեկանում ենք Պոլսո հայոց պատրիարքարանի ֆեյսբուքյան էջից։
Քըրըքխանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին, որը գտնվում էր կիսավեր վիճակում, փլված էր միայն տանիքը, ամբողջովին փլվել է:
«Վաքըֆ գյուղի Սուրբ Աստվածածին եկեղեցու շինությունը բարեբախտաբար չի վնասվել, միայն «Սուրբ սեղանի» սրբանկարի բաժնում է փոքր վնասներ առաջացել և եկեղեցու կողքին գտնվող աղբյուրի կողքի պատը»,–նշում ենպատրիարքարանից:
Երրորդ եկեղեցին Իսքենդերունի Սրբոց Քառասնից Մանկանցն է, որը նույնպես ներսի հատվածում է վնասներ կրել, որոնց մի մասը հնարավոր է վերականագնել, իսկ եկեղեցու հովվատունը լրջորեն վնասվել է և այլևս չի կարող օգտագործվել։
Նշվում է, որ Սուրբ Աստվածածին և Սրբոց Քառասնից Մանկանց եկեղեցիներում արդեն սկսկել են ներսի մաքրման աշխատանքները։
Հիշեցնենք` փետրվարի 6–ին` ժամը 05.17–ին, Թուրքիայի Ղահրամանմարաշ գավառում երկրաշարժ է տեղի ունեցել, որն ավերածությունների է հանգեցրել մի շարք քաղաքներում։ Երևանի ժամանակով 14։24-ին և 14։36-ին ևս 2 ուժգին երկրաշարժ է գրանցվել։ Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 10-11 բալ: Երկրաշարժի զոհերի թիվը Թուրքիայում հասել է 38 հազարի: