ԵՐԵՎԱՆ, 17 փետրվարի – Sputnik. Առաջիկայում կսկսվեն ազնվացեղ եղջերուի մասին նախազգուշացնող ճանապարհային նշանների տեղադրման աշխատանքները համապատասխան ճանապարհահատվածներում։ Այս մասին հայտնում է WWF-Հայաստանը (Բնության համաշխարհային հիմնադրամը)
Նշենք, որ «Դիլիջան» ազգային պարկը» տեսանյութ էր հրապարակել, որտեղ երևում էր կովկասյան ազնվացեղ եղջերուների զբոսանքը Դիլիջան քաղաքից դեպի թունել տանող ճանապարհին։
Դեպքի հետ կապված` WWF-Հայաստանը Դիլիջանի համայնքապետարանի և «Դիլիջան» ազգային պարկի հետ նախաձեռնել են քննարկում։
«Արդյունքում հստակեցվել է, որ կա անհրաժեշտություն վարորդներին նախազգուշացնելու կենդանիների առնչման հնարավոր վտանգի մասին և որոշվել, որ շուտով կտեղադրվեն համապատասխան ճանապարհային նշանները»,-նշված է հաղորդագրության մեջ։
WWF-Հայաստանից ընդգծում են, որ ազնվացեղ եղջերուին վնասելու դեպքում պետությանը պատճառված վնասը հաշվարկվելու է 15 մլն դրամ, ինչպես նաև սահմանված են պատասխանատվության միջոցներ ՀՀ քրեական օրենսգրքի 386-րդ հոդվածի համաձայն (Ապօրինի որս)։