ԵՐԵՎԱՆ, 17 փետրվարի – Sputnik. Արցախը կանգնած է հումանիտար ճգնաժամի սպառնալիքի առջև։ Այս մասին Հայաստանում գտնվող Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի մոնիտորինգի հանձնաժողովի անդամներին հայտնել է ՀՀ ԱԳ փոխնախարար Պարույր Հովհաննիսյանը։ Հայտնում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը։
Զրուցակիցներին փոխնախարարը մանրամասն ներկայացրել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակման արդյունքում ստեղծված իրավիճակն ու Լեռնային Ղարաբաղի գազամատակարարման պարբերական խափանման հարցը։
Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի մոնիտորինգի հանձնաժողովում Հայաստանի հարցերով համազեկուցողներ Կիմո Կիլյունենին (Ֆինլանդիա) և Բորիանա Աբերգին (Շվեդիա) փոխնախարարը ներկայացրել է նաև ադրբեջանական զինված ուժերի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածք ներխուժման փաստը և հայ ռազմագերիների հետ կապված խնդիրները։
Նա նաև ընդգծել է, որ Ադրբեջանի ղեկավարության ապօրինի գործողությունները, ռազմատենչ հռետորաբանությունը և առավելապաշտական կեցվածքը լրջորեն խաթարում են Հարավային Կովկասում խաղաղության և կայունության հասնելու ջանքերը:
Նախարարի տեղակալը ողջունել է համազեկուցողների փաստահավաք այցելությունը՝ հույս հայտնելով, որ այն կնպաստի տարածաշրջանում ստեղծված իրավիճակի վերաբերյալ իրազեկվածության բարձրացմանը և օբյեկտիվ գնահատմանը։